AM
1 Հուլիս 2013 - 13:03 AMT

Հայաստանը հուսալի գործընկեր է ԱԷՄԳ համար

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, տեխնիկական համագործակցության ստորաբաժանման տնօրեն Կուակու Անինգին:

Զրուցակիցները փաստեցին, որ Հայաստանը ԱԷՄԳ համար հուսալի գործընկեր է, և ԱԷՄԳ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցությունը ծառայում է իր նպատակին` ուղղված լինելով ՀԱԷԿ տեխնիկական վերազինմանը և անվտանգության ամրապնդմանը: ԱԷՄԳ աջակցությամբ յուրաքանչյուր տարի վերապատրաստվող հայ մասնագետները ծանոթանում են միջուկային ոլորտի զարգացումներին և ձեռք բերում անհրաժեշտ գիտելիքներ ու փորձ, որը նրանց հնարավորություն կընձեռի այլ երկրներում հանդես գալու որպես փորձագետներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Կարևորելով իր առաջին այցը Հայաստան` Կ. Անինգը նշեց, որ ԱԷՄԳ-ը մեծ նշանակություն է տալիս վերահսկողական մեխանիզմների արդյունավետ կիրառմանը, քանի որ դրանք միջուկային անվտանգության ապահովման հենասյունն են: Կ. Անինգն ընդգծեց, որ Հայաստանը ոչ միայն շահում է ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրից, այլ նաև դրանում ունենում իր կարևոր ներդրումը:

Փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ Հայաստանը կարևորում է ԱԷՄԳ հետ հարաբերությունների հետագա սերտացումը` Հայկական ատոմակայանի անվտանգության շարունակական և հետևողական ամրապնդման, ինչպես նաև նոր ատոմակայանի կառուցման տեսանկյունից: