Orange հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի խոցելի համայնքների զարգացմանն ուղղված ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ հատկապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:
Orange հիմնադրամի ծրագրերի շրջանակներում Տավուշի մարզի Պտղավան և Պառավաքար գյուղերում ստեղծվել են նոր մարզադահլիճներ, որոնք հագեցած են տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով և մարզասարքերով: Այժմ այս մարզասրահները կկարողանան լիովին բավարարել դպրոցական սպորտային ծրագրի պահանջները: Պտղավանը, որը Վրաստանի հետ սահմանին է գտնվում, ունի 900 բնակիչ, իսկ Պառավաքարը, որն ադրբեջանական սահմանին է՝ 1730: Նախատեսվում է, որ այս մարզասրահները կօգտագործվեն ոչ միայն աշակերտների, այլ նաև համայքնի մյուս բնակչների կողմից` կազմակերպելու սպորտային խմբակներ և մրցաշարեր:
«Orange հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում այն խնդիրները, որոնք վերաբերում են երեխաներին և խոցելի գյուղական համայնքներին: Ուրախությամբ ենք նկատում, որ այս մարզադահլիճները թույլ կտան, հատկապես ձմեռային ամիսներին, երբ գյուղի բնակիչները սովորաբար հանգստի են անցնում գյուղատնտեսական աշխատանքներից, կազմակերպել այն ակտիվ ու առողջ կերպով», -ասում է Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
«Մարզադահլիճների կահավորման համար Orange-ը տրամադրել է 5,5 միլիոն դրամ: Սակայն Orange Հիմնադրամն ու «Շեն» բարեգործական կազմակերպությունը մենակ չեն եղել այս աշխատանքներն իրականացնելիս: Տեղական համայնքը և Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամը նույնպես ունեցել են իրենց արժեքավոր ներդրումը, մասնավորապես վերանորոգման համար»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Orange-ի աջակցությամբ արդեն 8 այլ մարզադահլիճներ են բացվել Հայաստանի տարբեր մարզերում. Մալիշկայում (Վայոց Ձոր), Դավիթ Բեկում և Շինուհայրում (Սյունիք), Բասենում, Արևշատում և Մարմաշենում (Շիրակ), Ջուջևանում և Նոյեմբերյանում (Տավուշ):





