AM
2 Հուլիս 2013 - 09:44 AMT

Քաղաքագետ. ՀՀ համար ՀԱՊԿ-ն իրականում հայ-ռուսական երկկողմ համագործակցության ձևաչափ է

ՀԱՊԿ շրջանակներում ռազմա-տեխնիկական համագործակցությունը Հայաստանի համար հայ-ռուսական երկկողմ համագործակցության ձևաչափ է, կարծում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ, թեկուզ ձևականորեն, Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ն պետք է լիարժեքորեն արձագանքի:

Քաղաքագետի բնորոշմամբ` չպետք է ակնկալել, որ ՀԱՊԿ-ն կարող է բազմակողմանի մակարդակում արձագանքել Հայաստանի դեմ ագրեսիային և միայն Ռուսաստանն ու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները կարող են մեր երկրին օգնության հասնել: «Ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում չեն մտածում, որ հայկական կողմի նկատմամբ ռազմական գործողությունների դեպքում ինչ որ ղրղըզական ստորաբաժանում կկռվի Հայաստանի կամ Արցախի լեռներում: Մեզ համար ՀԱՊԿ նշանակությունը կայանում է հայ-ռուսական երկկողմ համագործակցության մեջ: Այս տեսանկյունից, այդ կազմակերպության շրջանակները հայկական կողմի համար լրացուցիչ լծակ են»,-ասաց Սերգեյ Մինասյանը: