Այսօր մեկնարկում է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ղեկավարի արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կտևի 10 օր` մինչև հուլիսի 12-ը: Այն մեկնարկում է թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը, ավարտվում` քվեարկությունից մեկ օր առաջ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու` անկուսակցականներ Ալեքսան Ալեքսանյանը, Ցոլակ Գրիգորյանը, ՀՅԴ անդամ, Պռոշյանի գյուղապետարանի համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը և ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը:
Պռոշյանում գյուղապետի արտահերթ ընտրությունները կկայանան հուլիսի 14-ին: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ի առավոտյան Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Մարզպետը գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել, որին գյուղացիները թույլ չէին տվել մտնել գյուղապետարան:





