Ադրբեջանի Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի «907 ուղղումը» կասեցնելու անհրաժեշտության մասին հայտարարելու առիթը բաց չի թողել:
«907 ուղղումը» բացասական է անդրադառնում ԱՄՆ-Ադրբեջան ռազմական գործակցության և այլ խնդիրներ լուծելու վրա: Իսկ անարդարացի ընդունված այդ ուղղման կասեցումը գործակցության ավելի լայն հնարավորություններ կտա», – հայտարարել է Աբիևը: Ադրբեջանական լրատվամիջոցներն այս հայտարարությունն օրվա լուր են դարձնում:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը նշեց, որ ամեն տարի, տարին 12 ամիս նույն հայտարարությունը անում են ադրբեջանցի բոլոր պաշտոնյաները` իրենց ԱՄՆ կատարած այցերի կամ ԱՄՆ պաշտոնյաների` Ադրբեջան այցերի ժամանակ: «Այդ ուղղումը ցույց է տալիս ԱՄՆ դիրքորոշումը Ադրբեջանի ռազմական նկրտումների վերաբերյալ, որ ԱՄՆ դեմ է Ադրբջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելուն», – նշեց փորձագետը:
2001-ի սեպտեմբերին, Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում գործակցության անհրաժեշտությամբ հիմնավորելով, Բուշի վարչակարգն ուղղումը ժամանակավորապես չեղյալ հայտարարեց: «Եթե, այնուամենայնիվ, ադրբեջանական լոբբին նորից հաջողության հասնի, ադրբեջանցիների ձեռքբերումը միայն այդքանով էլ կսահմանափակվի` ադրբեջանական լոբբի հաջողությամբ: Որովհետև այդ կետը, իրականում, սիմվոլիկ է, և դրա նպատակը վերը նշվեց», – ասաց Պետրոսյանցը:
«907 ուղղումը» ԱՄՆ Կոնգրեսը մտցրել է 1992 թ. նախկին խորհրդային երկրներին տնտեսական աջակցության նպատակով ընդունած «Ազատության աջակցման ակտ»-ում: Ուղղումն արգելում է ԱՄՆ Կառավարությանն Ադրբեջանին աջակցություն ցուցաբերել քանի դեռ Ադրբեջանը չի դադարցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններն ու շրջափակումը:





