AM
2 Հուլիս 2013 - 14:42 AMT

ՀՀ գլխավոր դատախազը Կիպրոսի իր գործընկերոջը «օֆշորային գործով» միջնորդություն է փոխանցել

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպել է Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության մասին նախօրեին ստորագրված հուշագիրը և հույս հայտնել, որ այն կնպաստի իրավապահների համագործակցությանը: Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Աղվան Հովսեփյանն իր գործընկերոջը հայտնել է, որ կոնկրետ քրեական գործով` հայտնի «օֆշորային գործով», իրավական օգնության մասին դիվանագիտական ճանապարհներով միջնորդություն է ուղարկվել Կիպրոս:

«Դատախազն, ընդգծելով, որ երկու երկրների դատախազությունների միջև արդեն առկա է երկկողմանի ստորագրված փաստաթուղթ, Կիպրոսի դատախազին է փոխանցել այդ գործով իրավական օգնություն ստանալու մասին միջնորդություների կրկնօրինակները: Նա խնդրել է, որ իր գործընկերն աջակցի և Կիպրոսում հանձնարարի, որպեսզի համապատասխան ծառայությունները հնարավորինս սեղմ ժամկետում կատարեն միջնորդության պահանջներն ու արդյունքների մասին տեղեկատվություն տրամադրվի ՀՀ գլխավոր դատախազությանը»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Կիպրոսի գլխավոր դատախազը վստահեցրել է, որ կհանձնարարվի իրավասու մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել միջնորդության կատարումը։

Խոսքը գործարար Փայլակ Հայրապետյանի հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում 2012 թվականի օգոստոսի 6-ին հարուցված քրեական գործի մասին է, որով իրավական օգնություն ցուցաբերելու մասին Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին ուղղված Հայաստանի ոստիկանության՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունն ուղարկվել է 2012 թվականի սեպտեմբերին։ Նույն քրեական գործով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ստորագրությամբ, Կիպրոսի գլխավոր դատախազին ուղարկվել է 2013 թվականի հունիսի 19-ին։

Հայտնի օֆշորային սկանդալի հետ է կապվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը: Ըստ այյդ տեղեկությունների` Կիպրոսում օֆշորային գոտում գրանցված ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետը, Նավասարդ արք. Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը, ովքեր նպատակադրված ունեզրկել են մեկ այլ գործարար Փայլակ Հայրապետյանին: Արքեպիսկոպոսն ու վարչապետը հերքում են այս մասին տեղեկությունները, ավելին, վարչապետը դիմել է դատախազություն` իրականությունը պարզելու համար: