Այսօր ՀՀ ԱԺ-ում մեկնարկեց «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովը: Այն կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում նշեց, որ նման միջոցառման անցկացումը խորհրդանշական է ոչ միայն այն առումով, որ խորհրդաժողովը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, այլև փաստում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և պատրաստակամությունը՝ սերտորեն ինտեգրվել եվրոպական մեծ ընտանիքին:
«Այն, որ երևանյան խորհրդաժողովին հրավիրված են և այսօր նրա աշխատանքներին մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ ավելի քան 30 երկրների տարբեր բարձրաստիճան պատվիրակություններ` ի դեմս խորհրդարանների, սահմանադրական դատարանների և ընդհանուր իրավասության բարձրագույն դատական ատյանների, արդարադատության նախարարությունների, մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների ներկայացուցիչների, վկայում է խորհրդաժողովի ընտրած թեմայի արդիականության և դրանում ներառված տարբեր հարցադրումների ու խնդիրների հրատապության մասին»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա ընգծեց, որ համաեվրոպական երևանյան խորհրդաժողովի թեման մեծապես կարևորվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի կողմից: Ըստ նրա՝ խորհրդաժողովն իրական հնարավորություն է՝ քննարկումների, գնահատականների ու առաջարկությունների միջոցով իրավունքի գերակայությունը ավելի հասանելի ու ընկալելի դարձնել ոչ միայն եվրոպական մայրցամաքի անմիջական դերակատարների, այլ նաև տարածաշրջանի այն երկրների ու իշխանությունների համար, որոնք, ըստ ԱԺ նախագահի, լուրջ անելիքներ ունեն այդ բնագավառում: «Ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի օբյեկտիվորեն գնահատել իրավիճակն իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչների և իշխանությունների հայեցողության տեսանկյունից»,- ասաց նա:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խորհրդաժողովի թեման այժմեական է Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող շատ պետությունների և ոչ միայն նրանց համար: Նա վստահություն հայտնեց, որ անմիջական ու բազմակողմ քննարկման ձևաչափի ընթացքում հնարավոր կլինի ծավալել խոր ու հետաքրիր քննարկումներ: «Հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին և հուսով եմ, որ դուք նաև հնարավորություն կունենաք ծանոթանալու մեր հինավուրց երկրին»,- եզրափակեց ՀՀ ԱԺ նախագահը:





