«Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովը շատ կարևոր է, քանի որ այն անցկացվում է ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում: Այս մասին այսօր խորհրդաժողովի ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը: Նա նշեց, որ նախագահության ընթացքում Հայաստանն արդեն իսկ առաջին ձեռքբերում է ունեցել` Ստրասբուրգում ստորագրելով 15-րդ արձանագրությունը, որին միացել են քսան երկրներ: Նա նշեց, որ դա հնարավորություն կտա ՄԻԵԴ-ին ավելի արդյունավետ աշխատել:
«Հայաստանի համար երկրորդ ձեռքբերում կարող է լինել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության վերջնականացումը, որը նոր կարևորություն կտա մարդու իրավուքների դատարաններին»,-ասաց ՄԻԵԴ-ի նախագահը և նկատեց, որ մեծ պոտենցիալ է տեսնում ազգային դատարանների համար: Նա շեշտեց, որ բոլորը պետք է հարգեն օրենքի գերակայությունը: «Եվրոպական օրենքի չափորոշիչներն այս ժողովի հիմքերն են հանդիսանում: Պետք է հարգվեն կոնվենցիայում ամրագրված իրավուքները և ազատությունները»,-ասաց Շպիլմանը:
ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր ելույթում նշեց, որ վենետիկյան հանձնաժողովի համար սա արդեն լավ ավանդույթի է վերածվել: «Մենք ուրախ ենք, որ այս խորհրդաժողովն անցկացվում է հենց Հայաստանում և շատ լավ է, որ հենց նախագահության ընթացքում: Պետք է ասեմ, որ որոշումները պետք է կայացնել սոցիալական իրականությունից ելնելով և դատարաններին չենք կարող ստիպել կույր կերպով հետևել օրենքներին, քանզի օրենքները չեն կարող դիտարկել կիրառման բոլոր ոլորտները»,-ասաց Բուքիքիոն: Նա շեշտեց, որ ժամանակակից պետությունը պետք է ճկուն լինի, որպեսզի կարողանա արձանագաքել բոլոր խնդիրներին: «Մարդու իրավուքները հարգելը պահանջում է հավասարակշռության պահպանում իշխանությունների կողմից: Սահմանները պետք է փոխկապակցված լինեն: Ընդհանուր գործընթացը պետք է մաքսիմալ թափանցիկ լինի»,-ասաց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակում հուլիսի 3-4-ը ՀՀ Ազգային ժողովում անցկացվում է «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը, որին մասնակցում են 32 երկրների և միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ:





