Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահությունը մեծ կարևորություն է տալիս այն ջանքերին, որոնք ուղղված են Եվրադատարանի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Այսօր ԱԺ-ում մեկնարկած «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ նման հայտարարություն արեց ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ Եվրոպայի խորհդրին անդամակցելուց հետո Հայաստանն առաջին անգամ ստանձնեց նախարարների կոմիտեի նախագահությունը և այս կարևոր առաքելությունը երկիրն առաջին հերթին դիտարկում է իբրև հավելյալ հնարավորություն՝ ներդրումը բերելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ԵԽ անդամ երկրների ջանքերին: «Այս նախագահությունը նաև մարտահրավեր է ԵԽ անդամ ցանկացած երկրի համար, քանի որ եվրոպական մայցամաքն այսօր բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնք կարող են դժվարություններ ստեղծել մեր հիմնարար արժեքների պաշտպանության գործում: Սա նաև մեծ պատասխանատվություն է, քանի որ մեր հաջողությունը կախված է ոչ միայն անդամ երկրների ներդրած ջանքերից, այլև ջանքերի պատշաճ առաջնորդությունից»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարը նկատեց, որ ԵԽ-ում Հայաստանի նախագահության գերակայությունները հիմնված են կազմակերպության երեք հիմնարար արժեքների վրա: Նա առանձնացրեց ռասիզմի և այլատյացության, ատելության դեմ պայքարը, միջմշակութային ու միջկրոնական երկխոսությունը, մարդու իրավուքնների և օրենքի գերակայության եվրապական չափանիների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակություններ խթանումը:
Նախարարը շեշտեց, թե ինչ բացառիկ դեր ունի ԵԽ-ն մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության հաստատման գործում: Նա նաև ընդգծեց օրենքի գերակայության կարևորությունը երկրներում հասարակության զարգացման հարցում:





