Հայաստանում աստիճանաբար իրավունքի գերակայության, ժողովրդավարության ու խոսքի ազատության զարգացման տեմպերն ակտիվանում են, երկիրն առաջ է գնում, կարծում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա ասաց. «Մենք ամեն ինչ ուզում ենք լուծել հենց հիմա ու միանգամից, բայց այդպես չի լինում: Միջազգային շատ կառույցներ դիտարկում են իրականացնում: Եթե հինգ- վեց տարի առաջ օրակարագային թիվ մեկ խնդիրներից էր խոսքի ազատությունը, իրավունքի գերակայությունը, ապա այս հարցերում խնդիրները քչացրել ենք: Մենք ամեն ինչ անում ենք, որ ՀՀ-ում ժողովրդական բարեփոխումների ընթացքը լինի վերջնական ու անշրջելի»:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ դժբախտաբար կան մարդիկ, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, սակայն բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ: «Այն մարդիկ, ովքեր օրենք են խախտում, պետք է պատժվեն»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակում հուլիսի 3-4-ը ՀՀ Ազգային ժողովում անցկացվում է «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը, որին մասնակցում են 32 երկրների և միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ:





