AM
3 Հուլիս 2013 - 09:16 AMT

Օֆշորային սկանդալ. ՍԴ նախագահը Կիպրոսի դատախազին չհավատալու հիմք չունի, ՀՀԿ խոսնակը վարչապետին է հավատում

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ օֆշորային սկանդալին, որի հետ կապվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը:

Նա նշեց, որ պետք է դիմել իրավական կոնսուլտանտների ու նկատեց, որ իրավունք չունի կարծիք հայտնել մի բանի մասին, որը չի ուսումնասիրել: «Ինձանից մի փորձեք քաղաքական կամ այլ եզրահագումների սպասել: Ամեն ինչ օրենքով է սահմանված: Օֆշոր ասելով չպետք է հասկանաք վերացական ինչ-որ բան: Դա վերաբերում է կոնկրետ երկրի, կոնկրետ օրենսդրությանը: Պետք է ուսումնասիրել, տեսնել՝ հնարավոր է, հնարավո՞ր չէ, ճի՞շտ է, սխա՞լ է»,- ասաց ՍԴ նախագահը:

Նշենք, որ Կիպրոսի դատախազը հայտարարել էր, որ հնարավոր չէ առանց տվյալ անձի ներկայության կամ լիազորության օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել, ինչին ՍԴ նախագահն արձագանքեց. «Իրավունք չունեմ չհավատալ: Ինքը ավելի լավ գիտի իրենց օրենսդրությունը, քան ես՝ ինչպե՞ս կարող եմ չհավատալ»:

Օֆշորային սկանդալին ԱԺ-ում անդրադարձավ նաև ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը և նշեց, որ վարչապետը դիմել է դատական ատյաններին, խնդիրը գտնվում է դատական և իրավական տիրույթում: «Դատարանը կորոշի, բայց ես հավատում եմ պարոն վարչապետին։ Քանի դեռ վարչապետը դիմել է դատարան կոռեկտ չեմ համարում մեկնաբանել այդ խնդիրը և գործառույթները»,- ասաց Շարմազանովը:

Հարցին՝ քաղաքական դրդապատճառներ տեսնո՞ւմ եք վարաչապետի վարկանիշը գցելու առումով, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Բնականաբար, քաղաքական գործչի հետ ինչ լինում է, դա լինում է քաղաքական»:

Նշենք, որ հայտնի օֆշորային սկանդալի հետ է կապվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը: Ըստ այդ տեղեկությունների` Կիպրոսում օֆշորային գոտում գրանցված ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետը, Նավասարդ արք. Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը, ովքեր նպատակադրված ունեզրկել են մեկ այլ գործարար Փայլակ Հայրապետյանին: Արքեպիսկոպոսն ու վարչապետը հերքում են այս մասին տեղեկությունները, ավելին, վարչապետը դիմել է դատախազություն` իրականությունը պարզելու համար: