AM
3 Հուլիս 2013 - 09:37 AMT

ՀՀԿ խոսնակ. Ո՞վ է ասել, որ ՀՀ նախագահը մեր աշխատանքից պետք է միշտ գոհ լինի, մենք էլ կարող ենք սխալվել

ՀՀ նախագահի մոտ հունիսի 29-ին տեղի ունեցած բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկման ժամանակ նախագահի հնչեցրած խիստ գնահատակնները և նկատողություները ՀՀԿ-ում ոչ մի լարվածության առիթ չեն դարձել։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կա աշխատանքային մթնոլորտ, նախագահի խոսքերը մեկնաբանության կարիք չունեն, որովհետև պարոն նախագահը շատ հստակ և ամբողջական ներկայացրեց իր կարծիքը և շեշտադրումները շատ հստակ էին»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե կան տեսակետներ, որ Սերժ Սարգսյանին հատկապես բարկացրել է այն, որ Էդուարդ Շարմազանովն և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՎՊ հաշվետվության ժամանակ չեն պաշտպանել կառավարությանը և թալանչիներ, լափողներ են որակել, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ ինքը չգիտի, թե ով է «լափողներ» և «թալանչիներ» ասել։

«Նրանք, ովքեր վճարել են չիրականացրած աշխատանքի համար, անկախ նրանից թե շինարար են, թե չինովնիկ են, իհարկե չաղ և բախտավոր են։ Իսկ ինչ վերաբերվում է պարոն նախագահի գնահատականին, դրանք շատ ամբողջական և հստակ են։ Քաղաքականություն է, իսկ ո՞վ է ասել, որ մենք պետք է գովենք, կամ ՀՀ նախագահը մեր աշխատանքից պետք է գոհ լինի, իհարկե մենք էլ կարող ենք սխալվել»,- ասաց նա։

Շարմազանովն ընդգծեց, որ անկախ նրանից՝ ով է խախտում օրենքը` իշխանություն է, թե` ոչ, մարդիկ բաժանվում են պարկեշտ և ոչ պաշկեշտ պաշտոնյանների:

«Մեզ մոտ, դժբախտաբար, կան ոչ պարկեշտ պաշտոնյաներ՝ դա փաստ է, և անկախ նրանից թե ով է խախտում օրենքը՝ դա կլինի Պողոս Պողոսյանը, թե Պետորս Պետրոսյանը, թե Էդուարդ Շարմազանովը, պետք է պատժվի, դա է մեր կուսակցության փիլիսոփայությունը»,- եզրափակեց նա։