AM
3 Հուլիս 2013 - 12:26 AMT

Կարեն Խանլարյան. Իրանի հայ համայնքը նորընտիր նախագահից Ցեղասպանության ճանաչում է ակնկալում

Իրանի Իսլամական Հանրապետությանում նախագահական ընտրություններն ընթացել են ժողովրդավարական բավական բարձր մակարդակով` եվրոպական չափանիշների համատեքստում: Կարծիքը Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա հիշեցրեց, որ քվեարկությանը մասնակցել է բնակչության 73%-ը, իսկ Հասան Ռուհանիի օգտին քվեարկել է 51%-ը:Նորընտիր նախագահից Իրանի հայ համայնքն ակնկալում է 1-ինը հերթին Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում։ «Դեռ քարոզարշավի ժամանակ բոլոր թեկնածուներն էլ ընդառաջել են մեր պահանջներին, և հիմա մենք պետք է պնդենք դրանք», – ասաց Խանլարյանն ու ավելացրեց, որ պահանջների թվում է նաև կրոնական և ազգային փոքրամասնությունների գծով գործադիր մարմիններում պաշտոնների ստանձնումը: Իսկ նոր նախագահի պաշտոնավարման ընթացքում հայ համայնքը հայ-իրանական հարաբերությունների հետագա խորացում է սպասում` տնտեսական, կրթական և մշակութային նոր ծրագրերի իրականացում:

Իրանում այժմ բնակվում է մոտ 100.000 հայ, որ բաժանված է երեք թեմերի`Ատրպատականի, Նոր Ջուղայի և Թեհրանի: Ավանդաբար հայերը չեզոք են մնում քաղաքական տարբեր զարգացումներից, սակայն ակտիվ մասնակցում են ընտրություններին: Համայնքից արտագաղթ կա, որ պայմանավորված է սոցիալ-տնտեսական խնդիրներով:

«Հայերի նկատմամբ խտրականություն, հայատյացություն չկա»,- նշեց Խանլարյանն ու ավելացրեց, որ Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցիները հայերի դեմ տրամադրությունները սրելու որոշ փորձեր արել են, բայց դրանք կրել են տեղային բնույթ ու հետևանքներ, հիմնականում, չեն ունեցել: «Ադրբեջանցիների թիվը 30 միլիոնի է հասնում, բայց Իրանում ադրբեջանցին էթնիկական կատեգորիա չէ, աշխարհագրական կատեգորիա է», – ասաց Խանլարյանը:

Նա անդրադարձավ նաև հայերի և, առհասարակ իրանցիների սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառներին: Նշեց, որ Արևմուտքի պատժամիջոցներն իրենց հետևանքներն ունենում են, իսկ իրանական միջուկային ծրագրում փոփոխությունների հավանականության մասին նշեց. «Այդ ծրագիրն արդեն մի քանի տասնյակ տարի գոյություն ունի և ուղղված է նավթային պաշարները պահպանելուն: Արևմուտքը փորձում է հարցը քաղաքականացնել: Դա սխալ քաղաքականություն է: Նախպագահական ընտրությունների հարցում ևս Արևմուտքը սխալվում էր՝ պնդելով, որ դրանք կկեղծվեն: Իրականում դրանք բավական ժողովրդավարական էին, ինչը հաստատեցին նաև արևմտյան երկրները»: