ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանը փղախտով տառապող Աշոտ Գրիգորյանին հանձնել է նրա բուժման համար անհրաժեշտ վեց ամսվա դեղերի ողջ ծավալը։
Նախարարի հանձնարարությամբ հիվանդին Լ.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում անվճար տրամադրվել էր մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև իրականացվել էին անհրաժեշտ հետազոտություններ։ Նախարարությունը ձեռք է բերել մասնագետների կազմած բուժման երկարաժամկետ սխեմայում նշված դեղամիջոցներն ու պարագաները։
Աշոտ Գրիգորյանը նշել է, որ նախարարության կողմից հատկացված դեղերը զգալիորեն բարելավել են իր առողջական վիճակը և կշարունակի բուժումը: Նա կշարունակի գտնվել նախարարության և նեղ մասնագետների մշտական ուշադրության և հսկողության ներքո։
Փղախտը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը կապված է ավշային անոթների խանգարման հետ։ Ավշային համակարգի հիմնական ֆունկցիան մարդու մարմնում հեղուկի հավասարակշիռ վիճակը պահելն է, հետևաբար այս համակարգի ֆունկցիոնալ խանգարման դեպքում ուռչում են դրա տակ գտնվող մաշկն ու հյուսվածքները, ինչը առաջացնում է մարդու մարմնի որևէ մասի (ստորին վերջույթներ, արտաքին սեռական օրգաններ, երբեմն նաև` դեմք, վերին վերջույթներ) չափերի անկայուն և անկառավարելի մեծացում:





