AM
4 Հուլիս 2013 - 08:16 AMT

Հայրիկյան. Ռուսաստանն ուզում է մեզ հասկացնել` դուք մեր ստրուկն եք, մեր ստրուկն էլ կմնաք

Հայաստանն աշխարհի միակ պետությունն է, ում սպառնում են պատերազմով, ինչը միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի է, ասում է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա կարծիք հայտնեց, որ վերջին քսան տարվա ընթացքում մեր երկրի ոչ ճիշտ դիվանագիտության պատճառով Ադրբեջանը համաշխարհային հանրությանը տրամադրեց նրան, որ արդարությունը պետք է վերականգնվի պատերազմով: «Մեր հարևանն ասում է` Հայաստանն օկուպացրել է մեր տարածքները, իսկ մենք ասում ենք` հաջողության ենք ուզում հասնել միայն բանակցություններով: Մեզ սպառնացող վտանգն ավելի է, քան տարածքներ կորցնելը: Մեր ռազմավարական դաշնակիցն է արդեն զենք վաճառում Ադրբեջանին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ Հայաստանը, անկախության վերականգնման առաջին պահից սկսած, պետք է աշխարհով մեկ ահազանգած լիներ, որ իր միջազգայնորեն ճանաչված տարածքների 80%-ը, բոլշևիկյան Ռուսաստանի աջակցությամբ գրավված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և դրանց վերադարձը ցեղասպանություն ապրած հայ ժողովրդին համաշխարհային հանրության պարտականությունն է:

Անդրադառնալով Ռուսաստանին, Պարույր Հայրիկյանը նշեց. «Ռուսաստանն ասում է` զենք վաճառելը բիզնես է, պոռնիկի աշխատանքն էլ է բիզնես, բայց չէ որ կան երևույթներ, որոնք անբարոյական են: ՌԴ-ն ուզում է մեզ հասկացնել` դուք մեր ստրուկն եք, մեր ստրուկն էլ կմնաք: Մենք չպետք է բացառենք, որ վաղն էլ կարող է պատերազմ լինի, պարզապես պետք է պատրաստ լինենք ամեն ինչին: Ռուսական իմպերիալիզմին պետք է թույլ Հայաստան»: Պարույր Հայրիկյանը շեշտեց, որ պետք է դիմակայել արտագաղթելու արհեստական իրավիճակին: Այնուամենայնիվ, ԱԻՄ առաջնորդը կարծում է, որ մեր դիվանագետները կարող են անել ամեն ինչ, դեռ ուշ չէ: