Հայաստանը երկու հիմնական խնդիրների առաջ է կանգնած՝իշխանությունը ժառանգելու համար ընթացող պայքար ու Եվրասիական միություն-Եվրամիություն ընտրություն: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Ընդդիմության բավական թուլացած պայմաններում, երբ չկա իշխանության կոնսոլիդացիայի խնդիր, իշխանության տարբեր թևեր փորձում են ամրապնդել իրենց դիրքերը՝ ժառանգորդի ամբիցիաներով: Իշխանության մեջ զոնդաժ է գնում»,- ասաց նա և նշեց, որ պաշտոնանկությունների մասին մամուլում ընթացող ակնարկներով խոսակցությունները, ՎՊ հաշվետվության շուրջ քննարկումները և հայտարարությունները պետք է այս կոնտեքստում դիտարկել:
Նա նշեց, որ պայքարի մեջ մտած թևերը շատ տարբեր են՝ տարիքով ՀՀԿ-ականներ- երիտասարդներ, օլիգարխներ- քաղաքական թև, կառավարություն-ԱԺ, ռուսամետ-արևմտամետ և այն: «Ով մի փոքր գլուխը հանեց բնից, գլխին լոմով ուտելու է: Ով մի փոքր ամբիացիա ցուցաբերեց, շատ ուժեղ հարվածներ է ուտելու»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Անդրադառնալով ՀՀ նախագահի մոտ հունիսի 29-ին տեղի ունեցած բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկմանը, երբ նախագահը խիստ գնահատակնները և նկատողություներ հնչեցրեց, այդ թվում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին ուղղված, քաղտեխնոլոգը նկատեց, որ ավելի շատ Հովիկ Աբրահամյանը ստացավ այդ հարվածը, քան Իշխան Զաքարյանը: Կարեն Քոչարյանը նաև նշեց, որ սա չի նշանակում, թե վարչապետը չի ստանալոըւ. «Ով քայլ անի, նա ստանալու հարվածը»:
«Մեծամասնությունն այն իշխանությունն է, որի տարբեր հատվածները փորձում են դիրքավորվել և ամրապնդել իրենց դիրքերը: Սերժ Սարգսյանը շարունակում է և ավելի է ցցում այն դիրքը, որ ունի՝ խաղալ հակասությունների վրա և լինել այդ ամենից վեր»,- ասաց քաղտեխնոլոգը: Նա այս համատեքստում նշեց, որ քաղաքականությունը շոու է, արվեստ: «Դրսում դա արվում է որակով, այստեղ շատ վատ դերասանական արվեստով՝ փողոցից վերցված, դրա համար էլ շոուն անորակ է»:
Նա նշեց, որ երկրում սոցիալական բունտ է, իսկ դրա ամենավառ արտահայտությունը արտագաղթն է: Այնուամենայնիվ, Կարեն Քոչարյանը կարծում է, որ մարդիկ չեն ցանկանում արտագաղթել, իսկ գնացածներն էլ ուզում են վերադառնալ: Նա նշեց, որ հնարավոր է արտագաղթի դեմն առնել:
Ստեղծված իրավիճակից ելքը դեռ անորոշ է: Քաղտեխնոլոգը կարծում է, որ այս պահին ընդդիմություն չունենք, կան միայն անհատներ: «Անգամ կուսակցությունը, եթե չունի լուրջ ռեսուրսներ, միայնակ դժվար է ինչ-որ բան անել, առավելևս դժվար է անհատին: Ընդդիմություն, որպես այդպիսին գոյություն չունի: Իր այլընտրանքներով, աղոթքներով, քաղաքագիտական վերլուծություններով, ավելի շատ փուչիկ է, քան ընդդիմություն»,- ասաց նա:
Կարեն Քոչարյանը նկատեց, որ կա նաև դրսի ուժերի ճնշումը. «Սառեցված պատերազմի մեջ լինելով, երկու կողմից թշնամի, կամ ոչ բարեկամական երկրներ ունենալով, երկիրը միշտ էլ լինելու է աշխարհաքաղաքկան ուժերի ազդեցության տակ»:
Հետագա սցենարներ քաղտեխնոլոգը չնշեց և ասաց, որ պետք չէ որևէ բան բացառել:





