AM
4 Հուլիս 2013 - 09:09 AMT

Գալուստ Սահակյան. ՀՀԿ ԳՄ նիստում կոշտ քննարկումներ չեն սպասվում

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի նիստում կոշտ քննարկումներ չեն սպասվում, վստահեցնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և նշում, որ լինելու են ընթացիկ հարցերի քննարկումներ:

«Հանրապետական կուսակցությունում լարվածություն չկա, լարվածությունը միայն կապված կլինի մեր կատարած աշխատանքի հետ, քաղաքական առումով ոչ մի լարվածություն չկա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գալուստ Սահակյանը:

Նա կարծում է, որ այսօրվա նիստում մարզպետների փոփոխության հարցը չի քննարկվի: «Քննարկվելու է ԱԺ մեծամասնության պահվածքի հարցը: Ես դա շատ բնական եմ համարում, նախագահը երբեք չի ասել, որ դժգոհ է, կան խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն: Ես կարծում եմ, որ քաղաքական մեծամասնության դրսևորումը հիմնականում ճիշտ է եղել և պահվածքի քննարկում ասելով պետք չէ հասկանալ վատ պահվածքի քննարկում: Մենք հնարավորություն ստեղծեցիքն, որ Վերահսկիչ պալատը կարողանա ամբողջությամբ արտահայտվել և նաև կառավարությունը: Խմբակցության գնահատականը արհայատվեց ԱԺ նախագահի կողմից, որը վերաբերում էր նրան թե ինչպես անել ավելի կառուցողական մոտեցումներ մշակելու համար»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ՎՊ տարեկան հաշվետվության քննարկմանը:

Հարցին՝ ՎՊ հաշվետվությունից հետո պաշտոնանակություններ կլինե՞ն, Սահակյանը պատասխանեց, որ խնդիրն արդեն դատաիրավական դաշտում է և պետք է սպասել որոշմանը:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի էր ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ: Նախագահը խիստ գնահատականներ էր հնչեցրել մասնավորապես ՎՊ հաշվետվությունով բացահայտված չարահաշումների հետ կապված: Նա նշել էր, որ խնդիրները կքննարկվեն նաև ՀՀԿ ԳՄ նիստում: «Մենք կխոսենք նաև, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետև դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք»,- ասել էր նախագահը: