Հուլիսի 5-ը` Սահմանադրության օրը, սահմանվեց նաև պետական խորհրդանիշի օր: Այս մասին որոշումը կայացվեց այսօր, ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Կառավարությունը հաստատեց այն: «Վերջապես փոխհամաձայնության եկանք»,- նկատեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ մինչ այս ՀՀ պետական խորհրդանիշների օր էր նշվում հունիսի 15-ը։ 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները: ՀՀ պետական խորհրդանիշներն են ՀՀ դրոշը, զինանշանը և օրհներգը:





