Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում հայտնում է իր մտահոգությունը ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված համաեվրոպական խորհրդաժողովում Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունների վերաբերյալ:
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և հասարարական գործիչ, դատապարտում եմ փաստաբան Աուրելիայի անհիմն, ցինիկ, սադրիչ, զրպարտիչ և միջազգային և մարդու իրավունքի նորմերից հեռու խարդախամիտ ելույթը, որն ակնհայտորեն պատվիրված և կաշառված էր Ադրբեջանի կողմից: Այդ ելույթում հնչեցված ապատեղեկատվությունը ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Ես ցավում եմ, որ Աուրելիա Գրիգորիուն այնքան թույլ և տկարամիտ փաստաբան է, որ իրեն պատվիրված ելույթը մինչև Հայաստան գալը պետք է ճշտեր հավաստի աղբյուրներից, մասնավորապես, ելույթում զետեղված փաստերն արդյո՞ք համապատասխանում են իրականությանը, թե՝ ոչ, և նոր հնչեցներ այն:
Փաստաբան Աուրելիան, ինչի համար հրավիրված էր այդ միջոցառմանը, թող խոսեր այդ թեմայի շուրջ, և ոչ թե աներ քաղաքական հայտարարություն, որի իրավունքը նա չուներ, և չխառնվեր ԼՂՀ-ի և Ադրբեջանի քաղաքական հարցերին, այլ զբաղվեր իրենց իսկ երկրի նույն խնդրով, որն ունի Մոլդովյան և Պրեդնեստրովյան: Ես դատապարտում և ցավում եմ, որ նա որպես իրավաբան մինչ օրս տեղյակ չէ, որ ՀՀ-ն երբեք ոչ մի երկրի հետ չի պատերազմել և չունի գրաված տարածքներ:
Քանի որ փաստաբան Աուրելիան իր ելույթում զրպարտել է անկախ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, որակելով որպես օկուպանտ և ցեղասպան, այս զրպարտության և սադրիչ վիրավորանքի համար կոչ եմ անում ՀՀ իրավական կառույցների հարգարժան այրերին, որպեսզի նրանք նախապատրաստեն միջազգային իրավունքի և մարդու իրավունքի նորմերին համապատասխան փաստաթղթեր՝ հիմք ընդունելով փաստաբան Աուրելայի ելույթը որպես հանցագործության փաստ, և նրան ենթարկեն իրավական պատասխանատվության: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարին հորդորում եմ բողոքի նոտա հղել Մոլդովայի իր կոլեգային և մարդու իրավունքների պաշտպանին՝ պատժելու Աուրելային՝ ՀՀ-ում ունեցած զրպարտիչ և սադրիչ ելույթի համար»,- ասված է նրա հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Հայաստանի խորհրդարանում անցկացվող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուն` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հանդես է եկել հակահայկական ելույթով` Հայաստանին անվանելով «ագրեսոր երկիր»: Նա նաև նշել էր, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Նրա հայատարարությանն արձագանքել էին ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Լիտվայի օմբուդսմենը:





