Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
Քաղաքական խորհուրդը նախ քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Որոշվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կուսակցության կազմակերպչական աշխատանքների պատասխանատու նշանակել ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին:
Այնուհետև քննարկվել են Ազգային ժողովի աշնանային և գարնանային նստաշրջաններում «Օրինաց երկիր» խմբակցության գործունեության արդյունքներով պայմանավորված հարցեր: Արձանագրվել է, որ 2012թ. Խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 20-ից ավելի օրենքի նախագծեր, որոնց մի մասը ընդունվել են, իսկ մյուսները քննարկումների փուլում են: Քաղաքական խորհուրդը դրական է գնահատել խմբակցության աշխատանքները:
Քաղաքական խորհուրդն իր որոշմամբ ՀՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնում երաշխավորել է ՕԵԿ վարչության անդամ Անուշավան Այվազյանի թեկնածությունն Ավագ Հակոբյանի փոխարեն, ով ավելի վաղ ՕԵԿ քաղխորհրդի որոշումով հետ էր կանչվել Քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնից:
Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին: Այս մասյին հայտնում է ՕԵԿ մամուլի ծառայությունը:





