ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նախօրեին հանդիպել է Չինաստանի Արդի միջազգային հարաբերությունների ակադեմիայի Ռուսաստանի ինստիտուտի տնօրեն Ֆէն Յույցզյունի գլխավորած պատվիրակության հետ:
Ֆէն Յույցզյունի գնահատմամբ՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական կապերը հասել են բարձր մակարդակի: Նա նշել է, որ դրա մասին վկայում են առևտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և հումանիտար ոլորտներում վերջին տարիներին գրանցված հաջողությունները: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել տարբեր բնագավառներում էլ ավելի զարգացնելու` երկու երկրների ունեցած մեծ ներուժն ու հնարավորությունները:
Արտակ Զաքարյանը նրանց ներկայացրել է Ազգային ժողովի և մշտական հանձնաժողովների գործառույթները, անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության առանձնահատկություններին ու այդ ասպարեզում կատարվող քայլերին, խոսել Հայաստանի վարած բազմաբևեռ ու հավասարակշռված արտաքին քաղաքականությունից: Ինստիտուտի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերը վերաբերել են նաև տարածաշրջանին, մերձավոր-արևելյան զարգացումներին, դրանցում հայկական համայնքների հետ կապված խնդիրներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրին և խաղաղ զարգացման հնարավորություններին: Քննարկվել են ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր:





