«Ես չեմ կարող ասել Ռուսաստանը ճնշումներ գործադրում է Հայաստանի վրա, թե ոչ, այդ դուք ինձ ասեք, բայց ես հետևում եմ լուրերին և տեղյակ եմ գազի գնի բարձրացման, Ադրբեջանին վաճառված սպառազինության մասին», – այսօր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նա ընդգծեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում ճնշում հասկացություն գոյություն չունի: Այդ հարաբերությունները պետք է հաղթական լինեն 2 կողմի համար: «Ասոցացման համաձայնագիրը չի սահմանափակում Հայաստանին, չի արգելում այլ գործակցության մեջ լինել հարևանների, ռազմավարական գործընկերների հետ», – ասաց նա ու ավելացրեց, որ համաձայնագիրը միայն կմեծացնի տարածաշրջանում Հայաստանի դերը:
Իսկ Եվրասիական միության հետ ԵՄ-ն պատրաստ է աշխատել, բայց միության խաղի կանոնները դեռ չեն հստակեցվել: Երբ դրանք արդեն պարզ լինեն, Ֆյուլեն կարծում է` ներդաշնակ կլինեն Ասոցացման համաձայնագրի հետ կամ գոնե տարրական համատեղելիություն կունենան. «Հակառակ դեպքում մենք չենք կարող կամուրջ կառուցել, իսկ ԵՄ-ն չի ուզում, որ անջրպեդ ստեղծվի»:
Նա նաև նկատեց, որ Ասոցացման համաձայնագրի անդամ կամ անդամակցել պատրաստվող գործընկերներին ԵՄ-ն չի պարտադրել դադարեցնել գործակցությունն այլ գործընկերների հետ: «Մենք ընտրելու խնդիր չենք դնում: Չենք ուզում բացասական ազդեցություն ունենալ ավանդական կապերի և գործակցությունների վրա», – ասաց Շտեֆան Ֆյուլեն` ավելացնելով, որ ԵՄ-ն միայն խրախուսելու է Հայաստանին` Ռուսաստանի հետ գործակցությունը շարունակելու հարցում:





