Ասոցացման համաձայնագրի ու Եվրոպական Միության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները կատարելու համար բոլոր պայմանները կստեղծվեն: Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հենց դրա համար են բանակցություններն արդեն մի քանի տարի տևում:
«Սա իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ է: Այն պետք է հրապարակվի, բացատրվի իշխանությունների կողմից, բանակցող թիմը պետք է բացատրի հասարակությանը, թե այնտեղ ինչ կա ժողովրդի համար: Պետք է բացատրել, թե ինչպես են այս լավ ու դրական բաներն իրականանալու», – ասաց Ֆյուլեն` նկատելով, որ փաստաթուղթը պետք է վավերացվի միաժամանակ Հայաստանի խորհրդարանի և ԵՄ բոլոր անդամների կողմից:
Նա ևս վերահաստատեց ԵՄ ծրագիրը` հաջորդ ֆինանսական ցիկլում՝ 2014-20 թվականներին ավելի ծավալուն ֆինանսական օժանդակություն հատակացնելու մասին այն երկրների համար, ովքեր Ասոցացման համաձայնագրի շրջանակներում բարեփոխումներին ավելի արդյունավետ կիրականացնեն:
«Իսկ եթե դուք, միևնույն է, վերջնաժամկետները բաց թողնեք, մենք ձեզ դատի կտանք», – ասաց նա ու ավելացրեց,- «Կատակ եմ անում»:





