AM
11 Հուլիս 2013 - 06:02 AMT

Հովսեփ Խուրշուդյան. ԵՄ-ն օգնում է նրանց, ովքեր իրապես ուզում են անկախ լինել

Կրեմլը միայն Հայաստանի վրա չէ որ ճնշում է գործադրում, այլ՝ իր շղթաներից ազատվել փորձող նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների: Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա հիշեցրել է, որ դեռ 2006թ.-ին պաշտոնական Մոսկվան արգելք դրեց մոլդովական և վրացական գինիների ներկրման վրա: «Մոլդովայի դեպքում՝ քաղաքական որոշ նկատառումներից ելնելով արված կարճ դադարից հետո այդ արգելքը վերահաստատվեց 2010թ.-ին: Սակայն այդ երկրներին օգնության հասավ Եվրամիությունը: Օրինակ, Մոլդովային հատկացվեց ԵՄ գինիներ արտահանելու այնպիսի քվոտաներ, որոնք այդ երկիրը անգամ չի հասցնում բավարարել: Ավելորդ է ասել, որ ԵՄ երկրների վճարողունակ շուկաներում մոլդավացիները իրենց գինին վաճառում են ավելի թանկ գնով և ավելի մեծ շահույթով, քան դա անում էին Ռուսաստանում: Վրաստանի դեպքում ԵՄ-ն բացի այն որ հեշտացրեց այդ երկրի գինիների ներկրումը իր տարածք, նաև ամեն տարի տասնյակ միլիոնավոր եվրոյի օժանդակություն է ցուցաբերում Վրաստանի գյուղատնտեսության զարգացմանը և ի մասնավորի՝ գինիների արտադրության որակի բարելավման և այն եվրոպական չափանիշներին հասցնելու նպատակով: Ու թեև վրացական գինիների արտադրությունը և արտահանումը դեռ չի հասել նախկին ծավալներին, տեմպերը հուսադրող են: Այս ամենի ֆոնի վրա վրացական գինիներից իսպառ զրկվելու առջև կանգնած Ռուսաստանը, նաև այն պատճառով, որ իր այդ ճնշումները չեն բերում ցանկալի արդյունքի, այժմ վերանայում է իր քաղաքականությունը այս ուղղությամբ»,- գրել է նա:

Հովսեփ Խուրշուրդյանը նկատել է, որ Հայաստանի դեպքում, եթե նման տնտեսական հակակշիռներին զուգահեռ գրագետ և համարձակ արտաքին քաղաքականության շնորհիվ հնարավոր դառնա հասնել ԵՄ-ի և ընդհանրապես գլոբալ Արևմուտքի աջակցությանը նաև ռազմաքաղաքական ոլորտում, կլինի իդեալական տարբերակ մեզ համար: «Շահերի գլոբալ միջազգային հակասությունների պայմաններում դա հնարավոր է անել: Բայց դե ո՞վ վարի նման քաղաքականություն, գործող դե-ֆակտոները՞, ավելի ճիշտ՝ դե-ֆակտո չգործողները՞»,- նշել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակը:

Հովսեփ Խուրշուդյանը շեշտել է, որ Եվրամիությունը օգնում է նրան, ով իրապես ուզում է անկախ լինել: