AM
11 Հուլիս 2013 - 09:33 AMT

ԵՔԳԱ անդամները Խոսրով Հարությունյանի հետ քննարկել են ՀՀ ներքին և արտաքին մարտահրավերները

«Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի» (ԵՔԳԱ) և «Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի» անդամները հանդիպել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ:

«Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահը երիտասարդների հետ քննարկման ընթացքում անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին, ներկայացրել առավել կարևոր հարցերի նկատմամբ պետական տարբեր մարմինների մոտեցումները, հայտնել իր տեսակետները տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ակտիվ երկխոսություն է ծավալվել քննարկման մասնակիցների և պատգամավորի միջև: Խոսրով Հարությունյանը պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, իր հերթին ևս ուղղելով հարցեր երիտասարդներին՝ պարզելու համար վերջիններիս մոտեցումը այս կամ այն հարցի վերաբերյալ:

Հանդիպման ժամանակ ԵՔԳԱ-ի նախագահ Վաղարշակ Հակոբյանը մտահոգություն է հայտնել ներկայիս քաղաքական դաշտում գործունեություն ծավալող գործիչների որոշ մասի անպատասխանատու վարքագծի կապակցությամբ: Կազմակերպության փոխնախագահ Մխիթար Հայրապետյանն ափսոսանք է հայտնել, որ ստեղծված քաղաքական իրականության մեջ որպես լուրջ հակակշիռ իշխանությանը բացակայում է կազմակերպված, համակարգված ու միասնական ընդդիմությունը:

ԵՔԳԱ-ն շարունակում է հանդիպումների շարքը ԱԺ պատգամավորների հետ, որի շրջանակներում նախատեսվում են կազմակերպել հանդիպումներ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորների հետ:

Նշենք, որ ավելի վաղ երիտասարդ քաղաքական գործիչները հանդիպել էին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նախատեսվում էր հանդիպում Սամվել Ֆարմանյանի հետ, ով հայտնել է, որ խիստ զբաղված է մերժել է ԵՔԳԱ-ի հրավերը: