AM
11 Հուլիս 2013 - 13:09 AMT

Արտակ Բուդաղյանի պաշտպանի բողոքը չի քննվել. Զինդատախազությունը պարզաբանում է

Զինվորական դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում և պարզաբանում է, թե ինչու է առանց քննության թողել Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը:

«20.06.2013թ. Արտակ Էմիլի Բուդաղյանը դիմում է ներկայացրել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանին և խնդրել իրեն ճանաչել տուժող` միաժամանակ հայտնելով, որ ցանկանում է որպեսզի իր ներկայացուցիչը հանդիսանա Հայկ Ալումյանը:

Օրենքով սահմանված ընթացակարգով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Ղազարյանը, անհապաղ քննության առնելով դիմողի պահանջը, 24.06.2013թ. պատճառաբանված որոշում է կայացրել դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, և ընդունված որոշման մասին անմիջապես ծանուցվել է դիմողը և նրան է ուղարկվել համապատասխան որոշման պատճենը:

10.07.2013թ. ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմող Ա.Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին քննիչի որոշման դեմ` խնդրանքով՝ վերացնել ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանի` 24.06.2013թ. չպատճառաբանված որոշումը և ցուցում տալ քննիչին՝ Արտակ Էմիլի Բուդաղյանի պահանջի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում:

Քննիչի նշված որոշումը վիճարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված փաստաբանի բողոքը թողնվել է առանց քննության, որի մասին ծանուցվել է փաստաբան Հայկ Ալումյանին: Բողոքը չի քննարկվել, քանի որ փաստաբանը ղեկավարվելով ՀՀ քր.դատ.օր-ի 103-րդ հդվածով քննիչի որոշումը բողոոքարկել է վերադաս դատախազին, այնինչ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, տվայլ որոշումը` դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, դրա պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում դիմողը պետք է բողոքարկի դատարան: Հետևաբար, քանի որ տվյալ որոշումը կարող էր բողոքարկվել բացառապես դատարան, ուստի ՀՀ գլխավոր դատախազը չէր կարող քննարկման առարկա դարձնել այն:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ պաշտպանությունը առաջին հերթին ենթադրում է օրենքով սահմանված ընթացակարգերի հստակ պահպանումը», – նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը: