Լեռնային Ղարաբաղի հարցում որևէ փոփոխություններ առաջիկայում ակնկալելի չեն, կարծում է Բրեմենի համալսարանի հակամարտությունների հետազոտող Քրիստիան Կոլտերը, ով այժմ բնակվում է Ստեփանակերտում:
Այսօր ԼՂ հակամարտության վերաբերյալ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության հրավիրած քննարկմանը փորձագետը նշեց, որ այնքան էլ լավատես չէ և չի կարծում, որ առաջիկայում կարող են ոչ խուսափելի բաներ կատարվել: Նա նշեց, որ վերջին մեկ ամսում տեղի են ունեցել սկանդալային իրադարձություններ, ինչպես, օրինակ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կամ Ադրբեջանի լոբբինգով զբաղվող երկրների հայտարարությունները: Կոլտերը ընդգծեց նաև, որ դարձյալ հետաձգվել է Ստեփանակերտի օդանավակայանի բացումը և դա անհայտ ժամկետով է տեղի ունենում, ինչը բացասական երևույթ է:
Փորձագետը նկատեց, որ աշնանը Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ և նշեց, որ չի ակնկալում, որ Ալիևը կկորցնի իշխանությունը. «Ես ավելի վատ բան եմ ակնկալում Ադրբեջանի քաղաքականության առումով, բացի այդ մենք չգիտենք, թե ով կլինի Ադրբեջանի հաջորդ ղեկավարը, եթե Ալիևը կորցնի այդ պաշտոնը, և ինչ քաղաքականություն կվարի նա»,- ասաց Կոլտերը:
Փորձագետն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքներին և նշեց, որ Ադրբեջանի որդեգրած տարածքային ամբողջականության սկզբունքը շատ հստակ է առաջ տարվում: Ըստ նրա, այս պահին անվտանգության երաշխիքներ չկան և չեն տրվում նաև Մինսկի խմբի կողմից:
«Ես չեմ տեսնում այս խնդրի լուծումը, քանի դեռ նման սկզբունքներ են առաջ տարվում: Ես վախենում եմ, որ դրանք ավելի մեծ ճնշումներ կգործադրեն ԼՂՀ վրա և թույլ չեն տա գտնել լուծումներ: Դրանք ընդամենը դիվանագիտական խաղերի մաս են, որոնք ակտիվորեն քաջալերում է Ադրբեջանը, և ես կոչ եմ անում ակտիվացնել ջանքերը` խնդրի այլընտրանքային լուծում գտնելու համար»,- ասաց փորձագետը:
Նա նաև նկատեց, որ այս ամենին զուգահեռ Ադրբեջանն ակտիվ քարոզ է տանում միջազգային հանրության մոտ, և դրանք բավական էֆեկտիվ են գործում:





