AM
15 Հուլիս 2013 - 08:00 AMT

Պասկալ Մոնիե. Ֆրանսիան մտադիր է հայերի և ադրբեջանցիների հանդիպումներ կազմակերպել

Ֆրանսիան շահագրգռված է ԼՂ հակամարտության արագ կարգավորմամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:

Դեսպանը հայտնել է, որ Ֆրանսիան մտադիր է Ստարսբուրգում և Փարիզում հանդիպումներ կազմակերպել, որին կմասնակցեն հայեր և ադրբեջանցիներ:

«Եկել է հաշտեցման ժամանակը: Այս տեսակետին նաև Եվրոպական միությունն է կողմ, որը նույնպես առաջարկում է կապեր հաստատել մարդկանց միջև: Դա շատ կարևոր է: Դուք չեք կարող հաշտեցնել երկու ազգ, եթե ղեկավարները նրանց ասում են, որ իրենք թշնամիներ են: Ես կարծում եմ, որ սա հակամարտության երկու կողմերն էլ հասկանում են և մենք հույս ունենք, որ դա նաև գործով կապացուցվի»,-դեսպանի խոսքերն է փոխանցում АПА-ն:

Մոնիեն նաև նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է ավելի մեծ դերակատարում ունենալ կոնֆլիկտի հարթման գործընթացում: «Փարիզը երբեմն շատ հարմար վայր է հանդիպումներ կազմակերպելու համար, որովհետև գտնվում է Կովկասի և ԱՄՆ միջև: Բայց նման հանդիպումներ, ինչպես, գիտենք, նաև Կրակովում են անցկացվել: Ամեն դեպքում, Փարիզը ուրախ կլինի օգնել և դա ամենևին առանձնանալու համար չի արվում»:

Նրա խոսքով՝ դիտորդներից շատերը կոնֆլիկտի կարգավորման գործընթացում այս տարի դրական տեղաշարժերի հույս չունեն Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների պատճառով. «Բայց դա չի նշանակում, որ տարին կորցրել ենք: Ես կարծում եմ, որ սա նոր առաջարկների տարի է, որը ևս մեկ քայլ է գործընթացում»: