AM
15 Հուլիս 2013 - 12:32 AMT

Յաիր Աուրոն. Նոր գրքում միավորել եմ Հոլոքոստ և Ցեղասպանություն եզրույթները

Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր, պատմաբան, Քնեսեթի նախկին պատգամավոր Յաիր Աուրոնի հեղինակած «Անընդունելի անտարբերություն» գիրքը թարգմանվել է հայերեն: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց. «Ինձ համար հատկապես կարևոր է, որ գիրքը բացի եբրաերենից ու անգլերենից ունենա նաև հայերեն թարգմանություն, որովհետև այնտեղ համադրված է հրեական Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության թեման: Գրքում ներկայացված են 2 ցեղասպանությունների ընդհանրությունները, կապը»:

Պատմաբանը նշեց, որ որոշ փաստեր առաջին անգամ են լայն հասարակության ուշադրությանն արժանանում: Գրքում իրականությունն է, որ բոլորը գիտեն, բայց ոմանք փորձում են չբարձրաձայնել: «Այս մեկն իմ «Ուրացման անհեթեթություն» գրքի շարունակությունն է, հաջորդ քայլը: Յուրաքանչյուր ցեղասպանություն ունի իր յուրահատկությունը, իսկ գրքում ես միավորել եմ հոլոքոստ և ցեղասպանություն եզրույթները», – ասաց Աուրոն և ավելացրեց, որ անընդունելի է համարում Իսրայելում քաղաքական որոշ շրջանակների հակառակ դիրքորոշումը:

«Մենք պայքարում ենք, որպեսզի Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը իրարից չտարանջատվեն, բայց, ցավոք, դեռ հաջողություններ չունենք: Մինչդեռ բոլոր ժողովուրդներն, որ դարձել են Ցեղասպանության զոհ, պետք է համախմբվեն ու միասնական պայքար ծավալեն»,- ասաց պատմաբանը: Նրա խոսքով գիրքը Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելու և դրա դեմ պայքարելու միջոց է. «Արդեն ութ տարի շարունակ Հայոց ցեղասպանության հարցը քննարկվում է Քնեսեթում: Սկզբում մերժում էր անգամ, որ Հայոց ցեղասպանության հարցը մտնի օրակարգ, բայց 2013-ին հարցը մտավ Քնեսեթ, ու ոչ ոք դեմ չքվեարկեց: Սա շատ նշանակալի ձեռքբերում է: Մենք պայքարում ենք իսրայելական կառավարության հակաբարոյական կեցվածքի դեմ»,- ասաց Աուրոն:

Իսկ առաջին անգամ Քնեսեթի օրակարգում Հայոց ցեղասպանության հարցը բարձրացրել է Քնեսեթի նախկին պատգամավոր Յաիր Ցաբան: «Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, որովհետև կան քաղաքական-դիվանագիտական հարցեր, որոնք ռազմական ու տնտեսական շահեր են հետապնդում», – ասաց նա և ավելացրեց, որ հրեաները բարոյական քննություն ունեն` մտածել նաև այլ ազգերի ցեղասպանության ուրացման մասին: Եվ միայն այդ կերպ է հնարավոր կանխարգելել ապագայում ծրագրված բոլոր ցեղասպանությունները: