AM
18 Հուլիս 2013 - 13:56 AMT

Շարմազանով. Ոչ մեկն իրավունք չունի անհարգալից վերաբերվել ՀՀ քաղաքացուն

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 18-ին հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի ուսանողների հետ։

Մեկ ժամից ավելի տևած զրույցն ընթացել է անմիջական մթնոլորտում, որի ընթացքում երիտասարդները ԱԺ փոխնախագահին ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին տնտեսության զարգացմանը, արտագաղթին, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրասիական միություն հարաբերություններին և մի շարք այլ խնդիրների։

Անդրադառնալով արտագաղթին, Շարմազանովը նշել է, որ դրա դեմ պայքարի լավագույն միջոցը տնտեսության զարգացումն ու տնտեսական աճն է, ինչին էլ միտված է հանրապետության կառավարության և իշխանությունների ամենօրյա աշխատանքը։ Ուսանողներից մեկին հետաքրքրում էր ԱԺ փոխնախագահի կարծիքը՝ վերջերս ՌԴ Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետ կապված ՀՀ քաղաքացու նկատմամբ ռուսական որոշ լրատվամիջոցների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ։ Էդուարդ Շարմազանովը նախ՝ իր ցավակցությունն է հայտնել ավտովթարի հետեևանքով զոհվածների հարազատներին։ «Ոչ մեկն իրավունք չունի անհարգալից վերաբերվել ՀՀ քաղաքացու նկատմամբ,- ասել է ԱԺ փոխնախագահը և հավելել, որ հայ-ռուսական հարաբերությունները չի կարելի կապել այդ խնդրի հետ։ «ՌԴ-ն մեր դաշնակիցն է և մենք պետք է խորացնենք մեր հարաբերություններն այդ երկրի հետ», – ասել է նա։

Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրասիական միություն հարաբերությունների առնչությամբ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում է երկրի շահերից և այն հիմնված է ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքի վրա։