Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության խմբակցությունը մտադիր է խստացնել մուտքը երկիր ԱՊՀ-ից ներգաղթյալների համար և ստիպել նրանց մուտքի աշխատանքային արտոնագրեր ստանալ, գրում է «Իզվեստիան»:
Դա կվերաբերի Ադրբեջանի, Հայաստանի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի քաղաքացիներին: Մերձբալթիկայի, Վրաստանի ու Թուրքմենստանի համար նման վիզաներն արդեն գործում են: Բացառություն նախատեսվում է անել միայն Մաքսային միության երկու երկրների՝ Բելառուսի ու Ղազախստանի համար:
Այդպիսով կոմունիստները ցանկանում են պաշտպանել ռուսաստանցիներին ներգաղթյալների հոսքից: Նրանք գտնում են նաև, որ օրենքը կնպաստի ԱՊՀ պետությունների մերձեցմանը Եվրասիական տնտեսական համագործակցության, Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում:
Ըստ օրինագծի հեղինակներից մեկի՝ Վալերի Ռաշկինի, աշխատատեղերը պակասում են, իկ բնիկ բնակչության աշխատանքն արժեզրկվում է:





