«Եթե մենք ցանկանում ենք, որ հասարակական տրանսպորտում լավ սպասարկում լինի, լավ հարմարություններ և լավ մեքենաներ, մենք պետք է պատրաստ լինենք որոշ թանկացումների»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ նախկին խոսնակ Սամվել Նիկոյանը:
«Այլ հարց է, որ ուղեվարձի թանկացման պատասխանատուները պետք է պարզաբանեն, թե ինչու է ուղեվարձը բարձրանում 50 տոկոսվ, և ոչ թե 20 կամ 30»,-հավելել է նա:
Այն հարցին, թե ինչպես պետք է մարդիկ, հատկապես այն ընտանիքները, որտեղ մի քանի ուսանող կա, դուրս գան այս իրավիճակից, եթե աշխատավարձը նույնն է մնացել, Նիկողոսյանը պատասխանել է. «Ես մտածել եմ այդ մասին, դա վերաբերում է ոչ միայն ուսանողներին, այլ բոլոր նրանց, ով օգտվում է հասարակական տրանսպորտից՝ նրանք ավելի շատ են վճարում և դա, անշւոշտ, անդրադառնում է ընտանեկան բյուջեի վրա: Որոշ ժամանակ առաջ նույն հարցն առաջացավ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված: Չեմ ասի, որ 100 տոկոսով, սակայն խնդիրը լուծվեց: Մյուս կողմից, հասկանում եմ, որ նոր սակագները շատ դժվարություններ են ստեղծում մեր բազմաթիվ քաղաքացիների համար»:
Խոսելով այն մասին, թե ինչ արդյունք կարող է տալ «Չենք վճարի 150 դրամ» ակցիան, որը շարունակվում է արդեն 5-րդ օրը, և որին գնալով ավելի շատ մարդիկ են միանում՝ Սամվել Նիկոյանն ասաց, որ չլուծվող հարցեր չեն լինում: Ըստ նրա, ամենաճիշտը կլինի, որ ընդվզողների և քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպեն կլոր սեղանի շուրջ և ընդհանուր որոշում մշակեն:
Ըստ Սամվել Նիկոյանի, թե ինչու նման քննարկում չէր կազմակերպվել նախապես, արդեն կարևոր չէ, «սակայն ավելի լավ կլիներ, եթե մարդկանց նախապես նախապատրաստեին նոր գներին»:





