AM
30 Հուլիս 2013 - 08:45 AMT

Օգոստոսի 4-ին «ՀԿԵ» ՓԲԸ բոլոր ներպետական գնացքները կգործեն անվճար

Երկաթուղայինների օրվա նախօրեին Հարավկովկասյան երկաթուղին հայտարարում է լայնածավալ ակցիայի անցկացման մասին: Օգոստոսի 4-ին՝ մասնագիտական տոնին, բոլոր ուղևորների համար ներպետական գնացքները կգործեն անվճար:

Չնայած մասնագիտական տոնին՝ Հայաստանի երկաթուղայինները կաշխատեն սովորական ռեժիմով՝ ապահովելով ուղևորների հարմարավետությունն ու երկաթուղային ենթակառուցվածքների անխափան աշխատանքը:

Այս տարի ՀԿԵ ղեկավարության որոշմամբ՝ Երկաթուղայինների օրը՝ մասնգագիտական տոնը, կանցնի Գյումրի քաղաքում:

Տոնակատարության շրջանակներում հյուրերին սպասվում է մի շարք անակնկալներ. կվերականգնվի Գյումրու 19-րդ դարի (Ալեքսանդրապոլի) պատմական մթնոլորտը, հանդիսավոր կերպով կբացվի Հայաստանում առաջին երկաթուղային տեխնիկայի թանգարանը, տոնակատարության մասնակիցներին սպասվում է համերգային ծրագիր, ինչպեսնաև որպես հերթական նվեր քաղաքին՝ «Հոկտեմբեր» կինոթատրունում կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ՝ երկաթուղային թեմայով: