Հայաստանի նորագույն պատմության այս 23 տարիների ընթացքում երբեք երկիրը օրվա իշխանությունների կողմից այսքան ջախջախված, նվաստացած, որբացած ու անհեռանկար չի եղել, ինչպես այսօր է, կարծում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
«Երբեք մեր անկախ պետականությունն այս աստիճան բազմաշերտ վասալային կախվածությամբ վախեցած ու կռացած, քաղցած ու մուրացիկ, արտագաղթված ու ճամպրուկները կապած չի եղել, ինչպես այսօր է: Չեմ հիշում, որ երբևէ ընտրական որև տեղամասում քվեարկած լինեին ընտրողների առնվազն 225 տոկոսը և այդ առնվազն 225 տոկոսն էլ միաձայն իրենց քվեն տված լինեին գործող նախագահին, ինչպես դա եղավ վերջին նախագահականի ժամանակ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում (և ոչ միայն այդ տեղամասում):
Չեմ հիշում, որ երբևէ մենք` հայրենի ընդդիմությունն այս աստիճան բզկտված ու միմյանց նկատմամբ չարացած, կամա թե ակամա օրվա իշխանությունների քաղաքական ազդեցության գործակալները դարձած լինեինք, ինչպես այսօր է: Եվ երբեք օր առաջ ամբողջական, համակարգային իշխանափոխությունն այնքան հրատապ չի եղել, ինչքան այսօր է»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նման գրառում է արել պատգամավորը:
Ռուբեն Հակոբյանը նաև նշել է, որ «պետականության գահավիժումը» կասեցնելու երկու տարբերակ է տեսնում` «Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, (նրանց կարող են միանալ նաև ոչ խորհրդարանական քաղաքական և քաղաքացիական միավորները), ձևավորում են համակարգային արմատական փոփոխությունների միասնական քաղաքական օրակարգ և այն ներկայացնում են իշխանություններին` համատեղ այն իրականացնելու համար: Պետք է նկատի ունենալ, որ որևէ արմատական փոփոխություն չի կարող իրական լինել, եթե այն իր մեջ չի ներառում նախագահական, խորհրդարանական և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:
Եթե իշխանությունները չեն ընդունում ստեղծված ծանր իրավիճակից համատեղ ուժերով դուրս գալու ոչ իշխանական ուժերի այս առաջարկությունը (իսկ Հայաստանին նետված ներքին և որտաքին մարտահրավերների վտանգավորությունը մեզանից պահանջում է բացառիկ միասնություն), ապա ոչ իշխանական ուժերը պարտավոր են`մի կողմ թողնել միմյանց նկատմամբ ունեցած անհանդուրժողականությունն ու վերապահումները և միասնաբար Հայաստանում իրականացնել համակարգային իշխանափոխություն: Միասնական քաղաքական օրակարգը և դրա իրականացման գործընթացը հասարակության համար պետք է լինի համոզիչ, թափանցիկ և դրանով իսկ` վերահսկելի»:
Պատգամավորը համոզված է, որ եթե խորհրդարանական ոչ իշխանական ուժերն անկեղծորեն իրենց առաջնորդներով և հիմնական թիմակազմերով կողք-կողքի կանգնեն, ապա իշխանափոխությունը Հայաստանում կդառնա անխուսափելի և առաջիկա ամիսների հարց:





