Հայաստանի Հանրապետական կուսակցությունն օրերս քննարկի և կորոշի, թե ում թեկնածությունն է առաջադրելու թիվ 38 ընտրատարածքում: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ քննարկվելու են բոլոր առաջարկները:
Անդրադառնալով կուսակցության Սյունիքի մարզային խորհրդի առաջարկին` թիվ 38-ում պատգամավորի թեկնածու առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին, Գալուստ Սահկայանն ասաց, որ ինքը դրական է վերաբերում, սակայն հարցը միանձնյա չի որոշվելու: «Առաջադրումը կկայանա Գործադիր մարմնի որոշումից հետո»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Նշենք, որ այս ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրելու մասին հայտարարել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, սակայն դեռ թեկնածուի անունը հայտնի չէ:
Թիվ 38-ում մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին և կավարտվի մինչև սեպտեմբերի 27-ը: Ընտրությունները կկայանան սեպտեմբերի 29-ին: Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել Վահե Հակոբյանը, ով նշանակվեց Սյունիքի մարզպետ, ինչից հետո պատգամավորի այդ մանդատը թափուր էր մնացել:





