AM
8 Օգոստոս 2013 - 08:43 AMT

ԱԻՄ առաջնորդ. Հայ ժողովուրդը եղավ կոմունիստական բռնապետությունը տապալող հիմնական ուժը

Հայ ժողովրդի վերջին տասնամյակների ռազմավարական նշանակության, պատմական և իրական ձեռքբերումը հայկական պետականության վերականգնումն է՝ միջազգային հարաբերութիւններում սեփական ձայնով ներկայանալու հայ ժողովրդի հնարավորության ձեռքբերումը։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նման կարծիք է հայտնել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Արձանագրենք, որ մյուս բոլոր հաջողություններն ու «հաղթանակները» մեր պետականության վերականգման ածանցյալներն են, իսկ անհաջողությունները, որ չարակամները վերագրում են անկախությանը, բազմակի ավելին կլինեին հայկական պետության բացակայության դեպքում։ Եթե աշխարհաքաղաքական փոփոխությունները, մասնավորապես ԽՍՀՄ փլուզումը տեղի ունենային առանց հայ ժողովրդի մասնակցության և Հայաստանը չդառնար անկախ պետություն, մնար Ռուսաստանի հետ, այսինքն նրա կազմում, ապա այսօր այս վարչական միավորն արդեն կոչվելիս կլիներ, ինչպես ռուսները հայկական երկաթուղին են կոչում՝ հարավ-կովկասյան հանրապետություն և կունենար առավելագույնը կես միլիոն ստրկամիտ, ռուսախոս բնակչություն։ Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ։ Հայ ժողովուրդը եղավ կոմունիստական բռնապետությունը տապալող հիմնական ուժը։ Նրա անկախության համար պայքարող Ազգային միացյալ կուսակցությունը լինելով ԽՍՀՄ-ում անընդմեջ գործող միակ ժողովրդավարական կազմակերպությունը դարձավ բոլոր ազգերի սկզբունքային այլախոհներին միավորող միջազգային կազմակերպություն։ ԱՄԿ-ԱԻՄ գործունյութեան լուսապսակը կարելի է համարել «Անկախություն հանրաքվեի ճանապարհով» ծրագրի որդեգրումը։ Դա տեղի է ունեցել ուղիղ 40 տարի առաջ օգոստոսի 10-11-ին տեղի ունեցած ԱՄԿ ղեկավարության արտագնա նիստում։ Հասկանալի է, որ օրը պատահական չէ ընտրված։ Եթե մենք քաղաքակիրթ ժողովուրդ լինեինք, այս իրադարձության 40-ամյակը տարվա հիմնական նյութը կլիներ։ Սակայն առայժմ միայն ԱԻՄ-ն է նշում արդեն ավանդական դարձած ասուլիսով և 40 տարի առաջվա երթուղով իրականացվող արշավով»,- գրել է Պարույր Հայրիկյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ գալու է ժամանակ, երբ սա համազգային միջոցառում է դառնալու: