AM
8 Օգոստոս 2013 - 11:48 AMT

Հայաստանը մտադիր է Իրաքից ժամանող զբոսաշրջիկների համար դյուրացնել վիզային ռեժիմը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում անհրաժեշտ է համարել, որպեսզի ՀՀ արտգործնախարարությունը քննարկի Իրաքի քաղաքացիներին վիզաների տրամադրման հարցը և առաջարկություն ներկայացնի:

«Ակնհայտ է, որ այսօր Իրաքում բավական մեծ զբոսաշրջային ներուժ կա, և պետք է այնպիսի ռեժիմ սահմանել, որպեսզի այդ երկրի քաղաքացիները կարողանան Հայաստան այցելել: Մեծ, վճարունակ և դինամիկ տուրիստական ներուժ ունեցող երկիր է այսօր Իրաքը դարձել: Եվ մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում մեր հարևան երկրները սահմանում են այնպիսի ռեժիմներ, որպեսզի կարողանան այդ տուրիզմը իրենց մոտ տանել»,-ասել է վարչապետը:

Այս գործընթացի հետ կապված, ՏիգրանՍարգսյանն ասել է, որ հարցը պետք է քննարկվի Արտգործնախարարության և էկոնոմիկայի նախարարության հետ:

«Մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվեն առաջարկություններ. նախարարական կոմիտեում քննարկենք, թե ինչ ռեժիմ կարող ենք սահմանել, որպեսզի բարձրացնենք Հայաստանի տուրիստական գրավչությունը: Մեր քաղավիացիայի վարչության հետ էլ պետք է քննարկել այս հարցը` ուղիղ չվերթների կազմակերպման հարցը: Մեկ շաբաթ հետո նախարարական կոմիտեում քննարկենք»,-ասել է նա: