AM
13 Օգոստոս 2013 - 10:25 AMT

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակում չընդունեցին գերեվարված զինծառայողի հարազատներին

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակում հրաժարվեցին ընդունել գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին, նշելով, որ գրասենյակի պատվիրակ Դրագանա Ռանկովիչն այս պահին գնում է պաշտպանության նախարարություն: Եվ հենց հարազատների աչքի դիմաց, առանց որևէ բառ արտասանելու նա դուրս եկավ գրասենյակից ու գնաց: «Հրաժարվեցին այսօր մեզ ընդունել, ասացին, որ իրենց ներկայացուցիչն ինչ որ գործերով գնում է նախարարություն» ,- ասաց Արման Ինջիղուլյանը` Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդին:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիյանը հաստատեց, որ ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն:

«Քննարկվել է Ադրբեջանական կողմում հայտնված մեր զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցը: Աշխատանքներ են իրականացվում և հենց նորություն լինի, հայտարարություն կտարածվի», – PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննսյանը:

Զինծառայողի հարազատները պնդում են, որ հենց գրասենյակի դիմաց սպասելու են մինչև նա վերադառնա նախարարությունից ու պատասխանի իրենց հարցերին, պահանջներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ծնողներն ու հարազատները հավաքվել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակի դիմաց և պահանջում են քայլեր ձեռնարկել, որ Բաքվի գրասենյակի աշխատակիցները նրան այցելեն հնարավորինս շուտ և հետևողականորեն ամեն ինչ արվի, որ զինծառայողը վերադառնա հայրենիք:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: