Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու տագնապալի է, սակայն սարսափել պետք չէ, ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Քաղաքագետի բնորոշմամբ` այցի մեջ տագնապելու խնդիր կա, եթե այն դիտարկենք տարածաշրջանային հարցերի և հատկապես Հայաստանի տեսանկյունից: Իսկ եթե հարցը դիտվում է երկու պետությունների խնդիրների քննարկման համատեքստում, ապա նորմալ է: «Այցի հետ կապված տագնապը ոչ միայն Հայաստանում և Արցախում է, այլև Թուրքմենստանում և Իրանում, որովհետև նրանք էլ Ադրբեջանի հետ խնդիրներ ունեն»,- ասաց նա և հավելեց. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, թերևս պաշտոնական, բայց գիտենք, որ հենց Ռուսաստանն է մեր հայրենիքը բաժանել, տվել թուրքին ու վրացուն, պատմությունը չպետք է մոռանալ»:
Ասուլիսին ներկա էր նաև քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով այցի համատեքստում անդրադառնալով ԼՂ խնդրին, կարծիք հայտնեց, որ Ռուսաստանն ունի հստակ օրակարգ. «Ադրբեջանում ռուսական զորք տեղադրել, դա կլինի խաղաղապահների տեսքով կամ ռազմաբազան վերադարձնելու, բայց բնական է, որ Ադրբեջանը դրան երբեք չի համաձայնի, և այդ հույսերը հարաբերությունները տեղաշարժելու չի ստացվի»:
Ավելացնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով Ադրբեջանում է, որտեղ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքում ակնկալվում է 5-6 փաստաթղթի ստորագրում` էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում, ինչպես նաև` երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ուղղված քննարկում: Երկու երկրների նախագահները կքննարկեն նաև միջազգային և տարածաշրջանային առանցքային հարցեր, Կասպից ծովի իրավական ռեժիմի, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:





