AM
13 Օգոստոս 2013 - 12:59 AMT

Ա. Հովհաննիսյան. Թող Սաբիրօղլուն գոնե 1 տեսանյութ ցույց տա, որտեղ ադրբեջանցի գերուց մեր ԶԼՄ-ները հարցազրույց են վերցրնում

Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուի համար անհասկանալի ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ադրբեջանական կողմը, թույլ տալով ադրբեջանական հեռուստաընկերությանը «հարցազրույց» վերցնել հայ ռազմագերուց, խախտել է Ժնևի կոնվենցիան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այնուամենայիվ, նա մեկնաբանել է.«Ժնևի կոնվենցիայի մասին մեզ հիշեցնելով, Արծրուն Հովհաննիսյանը հիշո՞ւմ է, թե ինչպես են Հայաստանում վերաբերում ադրբեջանցի գերիներին: Նրանց հետ հարցազրույցները մեկ անգամ չէ, որ ցուցադրվել են Երևանի հեռուստաալիքներով: Այդ կադրերն օգտագործվում են նաև այսօր: Իսկ դա Ժնևի կոնվենցիայի խախտում չէ՞»:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք միայն կարող ենք ասել, թող Կարմիր Խաչից երբ ուզում են, գան տեսնեն, թե մեզ մոտ եղած միակ ադրբեջանցի գերին ինչ պայմաններում է պահվում: Եվ թող գոնե մի տեսանյութ, մի հրապարակում ցույց տան, որտեղ ադրբեջանցի գերուց հայկական լրատվամիջոցները հարցազրույց են վերցրել»:

Եվ սա այն դեպքում, երբ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցներին դեռ չի հաջողվել այցելել հայ ռազմագերուն:

Շարունակելով իր մեկնաբանությունը, որ ավելի շուտ կցկցտուր արդարացում է հիշեցնում, Սաբիրօղլուն նշել է, թե «գերի ընկնելիս Հակոբ Ինջիղուլյանի տեսքը սարսափելի էր` կեղտոտ, պատառոտված ու հին կոշիկներով, հագուստով: Հոտից հնարավոր չէր նրան մոտենալ: Նրան լողացրել են, ադրբեջանցի զինվորի համազգեստ հագցրել»: Սա Ժնևի կոնվենցիայի այն կետի խախտման արդարացումն է, ըստ որի, եթե ռազմագերու համազգեստը համապատասխանում է կլիմայական պայմաններին, գերեվարող կողմն իրավունք չունի այն առգրավել:

Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարը նաև սեփական սխալները կոծկելու պարզագույն մեթոդի է դիմել` հայկական կողմի «խախտումներն» է ցույց տվել`հայկական բանակի սովահարության մասին ադբեջանական միֆի միջոցով: