AM
13 Օգոստոս 2013 - 13:44 AMT

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի պատվիրակ. Հակոբին նկարահանելն անթույլատրելի էր, կլինեն համապատասխան պատժամիջոցներ

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակի պատվիրակ Դրագանա Ռանկովիչը գրասենյակի դիմաց այսօր բողոքի ակցիա անցկացնող Ադրբեջանում գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին հորդորել է սպասել և տեղեկացրել է, որ ԿԽՄԿ-ն նամակով դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը՝ գերու հետ հանդիպման թույլտվություն ստանալու համար։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցյում ասաց Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդի Արման Ինջիղուլյանը:

Նա ավելացրեց` պատվիրակն իրենց ասել է, որ Հակոբին նկարահանելն անթույլատրելի էր և այս առիթով կլինեն համապատասխան պատժամիջոցներ: Հարազատները պատրաստակամություն են հայտնել նամակով դիմել Ժնև՝ Կարմիր խաչի կենտրոնական գրասենյակ: Առաջարկն ընդունվել է: Հիմա նախապատրաստվում է նամակը:

Հակոբի ընտանիքի անդամները, հարազատներն արդեն տուն են գնում, բայց նրանց մի մասը վաղը կվերադառնա: «Վաղը մի քանի հոգով կգանք: Այսօր հասկացանք, որ այսպես իմաստ չունի: Միևնույն է ոչինչ չփոխվեց, իսկ մեր հարազատների առանց այն էլ վատ վիճակն ավելի էր ծանրանում», – ասաց Արման Ինջիղուլյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակում հրաժարվել էին ընդունել գերեվարված զինծառայողի հարազատներին` նշելով, որ գրասենյակի պատվիրակը գնում է նախարարություն: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիյանը հաստատել էր, որ ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն: «Քննարկվել է Ադրբեջանական կողմում հայտնված մեր զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցը: Աշխատանքներ են իրականացվում և հենց նորություն լինի, հայտարարություն կտարածվի», -PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էր Արծրուն Հովհաննսյանը:

Զինծառայողի ծնողներն ու հարազատները հավաքվել էին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հայաստանյան գրասենյակի դիմաց և պահանջում են քայլեր ձեռնարկել, որ Բաքվի գրասենյակի աշխատակիցները նրան այցելեն հնարավորինս շուտ և հետևողականորեն ամեն ինչ արվի, որ զինծառայողը վերադառնա հայրենիք:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-իլույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: