ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն, ում դեմ նախընտրական քարոզարշավի ժամանակ մահափորձ էր իրականացվել, պատրաստվում է գրություն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։ «Ֆեյսբուք» սոցիալական սանցի իր էջում նա ներկայացրել է գրության նախնական տարբերակը:
«2013 թ.-ի հունվարի 31-ին իմ նկատմամբ իրականացված մահափորձի գործի նյութերում առկա են վկայություններ այն մասին, որ գործով որպես պատվիրատու հանդես եկող Վարդան Սեդրակյանը 2012թ. նոյեմբերին 100 000 ԱՄՆ դոլար է ստեցել որոշակի անձից։
ՀՀ օրենսդրությունը պահանջում է, որ որպես նախագահի թեկնածու հանդես եկող անձը վերջին մեկ տարվա գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնի, ինչը, օրինակ ես արել եմ ցույց տալով ամերիկյան դրամատներից իմ ստացած փոխառությունները։
Նախագահ դառնալ ձգտող Սեդրակյանն իր առաջին քայլերը սկսել է խաբեութեամբ: Անկասկած նա այդ բանն անելու էական պատճառներ է ունեցել։ Բնական է, որ չէր կարող հրապարակել սպանության համար իր ստացած գումարը։ Սակայն ես դիմում եմ այլ հարցով. եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամանակին բացայայտեր այդ խաբեությունը, ապա մենք մեկով պակաս գրանցված թեկնածու կունենայինք։ Եթե այդպիսի բան աներ ընտրված նախագահը, մենք իրավամբ նրան ապօրինի նախագահ կազդարարեինք և կխոսեինք պաշտոնազրկման մասին։
Մինչդեռ պետությանը, Հայաստանի քաղաքական կյանքին հետևող միջազգային հանրությանը և միլիոնավոր քաղաքացիներին խաբող անձը պիտի անպատիժ մնա՞ ու շարունակի համարվել ՀՀ նախագահի նախկին թեկնածու։
Դիմելով Ձեզ ակնկալում եմ, որ օրենքով նախատեսված համապատասխան գնահատական կտրվի նրա արարքին և դրան զուգահեռ՝ նյութերը կփոխանցվեն ԿԸՀ համապատասխան որոշում կայացնելու հորդորով»,- ասված է գրության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23:30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել:
ԱԱԾ քննչական վարչությունում գործ էր հարուցվել: Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Մարտի 5-ին Հայրկյանի գործով կալանավորվել էր նաև նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նա մեղադրվում է մահափորձը պատվիրելու մեջ:





