Եվրոպական և Եվրասիական միությունների միջև Հայաստանի ընտրության հարցում Ռուսաստանի վախերը և մտահոգությունները հիմնազուրկ են, կարծում է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: «Ռուսաստանի վախերը ամուսինների միջև չհիմնավորված խանդի պատմություն են հիշեցնում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նա: Ստյոպա Սաֆարյանի բնորոշմամբ` հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածություն կա, իսկ ռուս-ադրբեջանական համագործակցությունն այս համատեքստում նույնպես որոշակի նախազգուշացում է Հայաստանին:
«Հայաստանը դիմադրողականության մեծ ռեսուրսներ չունի: Պետք է ճկուն լինի, չի կարող անդամակցել Եվրոպական միությանը, բայց չի էլ կարող անդամակցել Եվրասիական միությանը»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղարն ու ընդգծեց, որ Հայաստանը տարբեր առաջարկներ ունի, հետևաբար՝ պետք է օգտվել բոլոր այն գործիքներից, որոնք հարկավոր են պետությունն ամրապնդելու համար:





