AM
26 Օգոստոս 2013 - 08:20 AMT

Ջիբրալթարի անգլիկան եպիսկոպոսի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվեց Մայր Աթոռում

Օգոստոսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Անգլիկան եկեղեցու պատվիրակությանը` Ջիբրալթարի անգլիկան եպիսկոպոս Ջեոֆրի Ռոուելի և ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը պատվիրակությանը ծանոթացրեց Մայր Աթոռի ներկայիս գործունեությանը, ինչպես նաև ընդգծեց Հայ Առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր կյանքում: Այնուհետև անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական և Անգլիկան եկեղեցիների միջև հարաբերություններին, կարևորվեց էկումենիկ երկխոսությունների զորացումը, ինչպես նաև համատեղ ջանքերի գործադրումը հանուն արդարության հաստատման և մարդկության խաղաղ ու բարօր կյանքի կերտման:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջաստին Ուելբիին: