Վերջին շրջանում հասարակության ակտիվության պատճառներից մեկը ընդդիմադիր ուժերից խորը հիասթափությունն է, մյուսը` հասարակության հասունացումը, ևս մեկն էլ պետք է կապել իշխանության հետ։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:
«Իշխանությունը ոչ լրիվ է բավարարում որոշ շերտերի պահանջները: Խորքային պատճառները գուցեև ավելին են: Հասարակությունը մտել է զարգացման մի նոր փուլ և այս մարտահրավերներին պետք է իշխանությունները, քաղաքական ուժերը նորովի մոտենան»,- ասաց պատգամավորը և հավելեց,- «Եթե մարդկանց պատկերացումներով իշխանությունը նրա համար է, որ շեղի հասարակությանը, ինչ-որ օջախներ ստեղծի, ապա ես կասեի, որ դա զրպարտություն է: Քաղաքացիական շարժման ընթացքում է ձևավորվում իշխանությունը: Մեր իշխանությունը դրսից բերած ուժ, դրսից բերված մարդիկ չեն: Միգուցե կա գրպանային ընդդիմություն ասվածը: Քաղաքացիական ակտիվությունը խոսում է քաղաքացիական հասունացման մասին»:
Սուլիսին ներկա էր նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, ով կարծիք հայտնեց, որ քաղաքացիական այս ակտիվության փուլն արդեն սերտորեն առնչվում է սոցիալական բունտին: Նրա կարծիքով ընդդիմությանը գաղափարական ինչ-ինչ հարցերում, գուցե, կարելի է մեղադրել. «Ով է տալիս քաղաքական ուժերի և քաղաքացիական շարժումների սահմանազատումը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքը պետք է սպասարկի քաղաքական ակտիվությանը: Խնդիրը չվաճառվելն է, մենք գտնվում ենք կեղծ խոսքերի պատի հետևում»:
Անդրադառնալով Կոմիտասի 5 հասցեում ընթացող շինարարության դեմ վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության պահվածքին, Անուշ Սեդրակյանն ասաց. «Ո՞ւմ է սպասարկում ոստիկանությունը: ՀՀ ոստիկանությունը իշխանության գործիքն է, ես կցանկանայի, որ ոստիկանությունը լիներ ՀՀ քաղաքացու, հարկատուների շահերի պաշտպանի գործիքը»:
Մանվել Բադեյանն իր հերթին հավելեց, որ եթե գործընթացները օրենքը չեն խախտում, ապա մարդկանց իրավունքն է ակցիաների միջոցով իրենց շահերը պաշտպանել. «Ես դեմ եմ ցանկացած ապօրինության»:





