AM
28 Օգոստոս 2013 - 06:24 AMT

ՀՅԴ-ն ընդլայնված խորհրդաժողով է ունեցել. Անհրաժեշտ է հստակեցնել մարտավարական անելիքները

Օգոստոսի 24-26-ը Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդաժողով։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի պաշտոնական կայքից: Խորհրդաժողովին մասնակցել են Հայրենիքի և արտերկրի կուսակցական մարմինների և շրջանների ներկայացուցիչներ ու հրավիրյալներ։ ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնած միջոցառման նպատակն է եղել քննարկել կազմակերպական խնդիրներ, հայաստանամերձ տարածաշրջանի կացությունը, ՀՀ ներքին քաղաքական վիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցեր։

«Խորհրդաժողովն անդրադարձել է հայության և հայոց պետականության առջև ծառացած խնդիրներին և նոր մարտահրավերներին։ Շեշտվել է, որ իր օրակարգային հիմնահարցերին համարժեքորեն արձագանքելու համար ՀՅ Դաշնակցությունը պետք է ներդնի հավելյալ ջանքեր, հանդես գա համակուսակցական ամբողջական ներուժով։

Խորհրդաժողովը արձանագրել է, որ կազմակերպական-կարգապահական հարցերի լուծման հիմնական միջոցը գործն է։ Նոր ժամանակներին և իրողություններին համաքայլ ընթանալու համար անհրաժեշտ է շարունակաբար հստակեցնել մարտավարական անելիքները, առավել ճկուն և արդյունավետ դարձնել գործելաոճը, առավել արդյունավետ կիրառել ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները։

Քննելով Հայաստանի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական եև բարոյա-հոգեբանական վիճակը` խորհրդաժողովը մատնանշել է մի շարք բացասական երևույթներ, որոնք մտահոգիչ են հայոց պետականության համար։ Ըստ աղբյուրի, շեշտվել է մասնավորապես արտագաղթի խնդիրը, որն ազգային անվտանգությանը սպառնացող հիմնահարց է։ Այս գործընթացը կասեցնելու համար անհրաժեշտ է նկատվել, որ պետությունը որդեգրի արտագաղթի պատճառները վերացնող սոցիալ-տնտեսական և այլ բնույթի համալիր ծրագիր։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը մշակել է նման ծրագրի համար իր առաջարկների փաթեթը, որը կներկայացվի հանրությանը։

Քննելով Հայաստանամերձ տարածաշրջանի կացությունը` խորհրդաժողովը հաստատել է.

Տարածաշրջանում տեղի են ունենում բախտորոշ գործընթացներ, որոնք հանգեցնելու են գլոբալ փոփոխությունների։ Այս փոփոխություններին ենթակա է նաև հարավկովկասյան շրջանը՝ նոր մարտահրավերների առջև կանգնեցնելով մեր երկիրը։

Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունը ներկայումս ենթակա է փորձության։ Մեր պետականությունը գտնվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր հավասարակշռության կայացման շեմին։

Առկա մարտահրավերները դիմագրավելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է ամրապնդվի ներքնապես, միատեղի համայն հայության ներուժը, հստակեցնի և վարի նպատակային ու ակտիվ արտաքին քաղաքականություն։

Խորհրդաժողովը արձանագրել է որ ՀՅԴ-ն չի հանդուրժի որևէ ոտնձգություն ԼՂՀ պետականության և բնակչության անվտանգության դեմ։ Այս տեսանկյունից կարևոր է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին նոր թափ տալը։

Ցեղասպանության 100-րդ տարելիցը առիթ պետք է ծառայի ուժեղացնելու Հայ Դատի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, բանաձևելու նոր հանգրվանի շեմին հայության պահանջատիրական թիրախները և ընդլայնելու Հայ Դատի ուղղությամբ տարվող աշխատանքների բովանդակությունն ու աշխարհագրությունը։

Կարևորելով քաղաքական փոխհարաբերությունների առաջնահերթությունները` Հայաստանը պետք է ձգտի բազմակողմ տնտեսական-քաղաքական կապերի՝ ապահովելով իր համար անկախ քաղաքականության երաշխիքներ։

Խորհրդաժողովը քննարկել է Միջին Արևելքի երկրներում տեղի ունեցող զարգացումներն ու տեղի հայության և ի մասնավորի սիրիահայության վերաբերող հարցերը։ Սիրիահայության խնդիրը, պետական, ազգային և կուսակցական առումով մեզ համար մնում է հիմնական առաջնահերթություն։ Սիրիահայության նյութական ու տնտեսական ծանր կացությունը թելադրում է օժանդակության ապահովման խնդիրը դիտել որպես ամենօրյա և տևական աշխատանք։ Միաժամանակ հայության վտանգված հատվածի բազմակողմ հիմնահարցերը լուծելու նպատակով անհրաժեշտ է թափ հաղորդել երկրների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքին։

Հայաստանի ու Սփյուռքի ամբողջական համարկումը տևական գործընթաց է, որ կարելի է անխոչընդոտ առաջ տանել` կենտրոնանալով դրական ձեռքբերումների և երկուստեք հստակեցված թիրախների վրա։

Խորհրդաժողովը հաստատել է, որ Հայությանն ու Հայաստանին ծառայության համար կուսակցության հզորացումը Հարենիքում և Սփյուռքում մնում է առաջնահերթություն, որի ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր»,- ասված է հայտարարության մեջ: