AM
30 Օգոստոս 2013 - 05:48 AMT

Դեսպան. ԼՂ հարցում Բրազիլիայի տեսակետը համահունչ է ՄԽ համանախագահող երկրների դիրքորոշմանը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մոնտեյրուին:

Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա պաշտոնավարության ընթացքում երկու երկրների միջև համագործակցությունը կզարգանա և կխորանա: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը բազմակողմ համագործակցության լայն հնարավորություն է ընձեռում: Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ` միջպետական հարաբերությունների զարգացման գործում զգալի դեր է վերապահվում միջխորհրդարանական կապերին: Այս համատեքստում կարևոր է համարվել երկու երկրների խորհրդարանների միջև գործակցության ակտիվացումը և զարգացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: ԱԺ նախագահի խոսքով` անհրաժեշտ է նաև ամրապնդել մշակույթի, կրթության, զբոսաշրջության բնագավառներում երկրների միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Բրազիլիայի դեսպանը նույնպես կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում` նշելով, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ: Հայ-բրազիլական փոխգործակցության խորացման առումով` դեսպանը կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացման և ակտիվացման անհրաժեշտությունը: Դեսպան Մոնտեյրուն վստահեցրել է, որ իր գիտելիքներն ու փորձը կներդնի երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և զարգացման համար:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Բրազիլիայի Ազգային կոնգրեսի ստորին պալատի պատգամավորներ Նելսոն Պելեգրինոյի և Կլաուդիո Կաժադուի ներկայացրած ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանամետ բանաձևի նախագծին` նշելով, որ այդ առիթով նամակ է հղել Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսին և մտահոգություն հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ: Ի պատասխան դեսպանը շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Բրազիլիայի տեսակետը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: