Հարկավոր է անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները Փակ շուկայում, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Ըստ նրա, Հայաստանում ավելի շատ սիրում են քանդել, քան կառուցել: «Հիշենք Երիտասարդական պալատի օրինակը՝ շենքը վթարային չէր, չէ որ կարելի էր այն վերականգնել, բայց սեփականատերը որոշեց, որ ավելի լավ կլինի քանդել»,-ասաց Սաշուր Քալաշյանը:
Ըստ նրա, այն, ինչ կատարվում է Փակ շուկայում, ոչ միայն պատմական օբյեկտի ոչնչացում է, այլ նաև մեր պատմության: «Բոլոր այս երևույթները պետական մտածողության բացակայության հետևանք են: Այս դեպքում կառուցապատողը հանդես է գալիս և որպես պետական մարմին, և որպես ճարտարապետ, և որպես դատախազ, և սեփականատեր»,-ասել է Սաշուր Քալաշյանը՝ հավելելով. «Վերջին երկու տարում մենք բազմաթիվ բողոքներ ենք ներկայացրել Փակ շուկայի վերաբերյալ, բայց ապարդյուն»: Նա նաև կարծիք է հայտնել, որ Փակ շուկայի հարցը կլուծվի միայն այն դեպքում, եթե հասարակությունը համախմբվի:
Իր հերթին ակտիվիստ Անի Քոչարը հայտնեց, որ վաղվանից Փակ շուկայի մոտ հերթապահություն է կազմակերպվում, ինչպես նաև բողոքի խաղաղ ակցիաներ, պիկետներ: Ըստ նրա, պետք է ամեն ինչ անել փրկելու համար Փակ շուկան:
Հիշեցնենք, որ Փակ շուկայի փոխարեն Երևանի կենտրոնում կառուցվում է հերթական «Երևան սիթի» սուպերմարկետը: Օրերս ինտերնետում հայտնվել էին Փակ շուկայի ներսում արդեն ավարտին մոտեցող աշխատանքների արդյունքները պատկերող լուսանկարներ, որոնք հարուցել ել էին հանրության դժգոհությունը, որից հետո «Ազատենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ: Հայատարարության մեջ կոչ է արվում դադարեցնել ապօրինի կառուցապատումը:





