Ռուս-ադրբեջանական համագործակցությունը Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների խնդիրն է, Հայաստանն այս առումով իր դիրքորոշումը հայտնել է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման դիտարկում արեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս Ադրբեջան կատարած այցին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկա հանդիպմանը:
«Բնականաբար, մեզ հետաքրքրում է այն քաղաքականությունը, որ վարում է Ռուսաստանն Ադրբեջանի հարցում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ նրանք ունեն համագործակցության եզրեր: Սակայն եթե ուշադրություն դարձնենք վերջերս Բաքվում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ելույթներին, ապա Ալիևը շեշտը դրեց ռազմական, իսկ Պուտինը տնտեսական համագործակցության վրա: Հայտնի է, որ Ռուսաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Բաքվի հետ նավթագազային համալիրի շուրջ համագործակցությունը»,- ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ երկու երկրների նախագահները հայտնեցին իրենց հայտնի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հարցում: «Մի կողմից հնչեց Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը, որը կառուցողական բնույթ չի կրում, մյուս կողմից հայտարարությունը ՌԴ նախագահի կողմից, որը ևս մեկ անգամ շեշտադրեց, որ հարցը կարող է կարգավորվել միայն քաղաքական դաշտում: Շեշտադրումները բխում են համապատասխան երկրների քաղաքականությունից»,- ասաց նա:
Հավելենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 13-ին ՌԴ նախագահն աշխատանքային այցով Բաքվում էր: Այցի ընթացքում ստորագրվել էին տնտեսական և էներգետիկական ոլորտում մի շարք համաձայնագրեր: Անդրադառնալով ԼՂ խնդրին, ՌԴ նախագահը հայտարարել էր, որ այն կարող է լուծվել բացառապես քաղաքական մեթոդներով: Վերջերս հայտնի դարձավ նաև, որ Ռուսաստանը Ադրբեջանին մեծ քանակությամբ զինամթերք է վաճառել:





