Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում ԵՊՀ ուսանող, ակտիվիստ Գրիշա Էձգերիձեն հայտարարել է, որ ուսանողները մտադիր չեն հաշտվել բուհերում ուսման վարձավճարների բարձրացման հետ և կպայքարեն այդ որոշման դեմ: Ըստ նրա, սեպտեմբերի 2-ին դասերից հետո ուսանողներն իրենց բողոքը կհայտնեն վարձավճարների բարձրացման դեմ: Նա նշեց, որ դեռ հստակ չի կարող ասել, թե քանի ուսանող կմասնակցի ակցիային, սակայն արդեն կա ձևավորված կորիզ, որի շուրջ կմիավորվեն մյուս ուսանողները՝ Գրիշա Էձգերիձեն նշեց նաև, որ դասադուլը ամենավերջին քայլը կլինի, որին նրանք կարող են դիմել:
Իր հերթին, ԵՊՀ ուսանողուհի, ակտիվիստ Արմինե Կարապետյանն ասաց. «Եթե վարձավճարների բարձրացումն ինչ-որ կերպ հիմնավորված լիներ, մեզ կոնկրետ ասեին, թե ինչի համար է դա արվում, մենք դեռ կարող էինք հասկանալ, բայց ոչ այս պարագայում»:
Անդրադառնալով կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի վերջին հայտարարությանն այն մասին, որ վարձավճարների բարձրացումը թույլ կտա բարձրացնել կրթության որակը, Գրիշա Էձգերիձեն տարակուսանք հայտնեց. «Մենք չենք հասկանում, թե ինչ բարելավման մասին է խոսքը, եթե դասախոսները նույնն են ու նրանց աշխատավարձերը ևս նույնն են»,-ասել է նա: Ըստ ուսանողի, կառավարությունն անտեսել է իր քաղաքացիների սոցիալական վիճակը: «Այսօր մարդիկ ի վիճակի չեն այդքան վճարել ուսման դիմաց»,-ասաց նա:
Անդրադառնալով զեղչերի համակարգին, որը նախատեսվում է բարձր առաջադիմությամբ ուսանողների համար՝ Արմինե Կարապետյանն ասաց, որ դեռ հայտնի չէ, կկարողանան ուսանողները օգտվել այդ զեղչերից: «Մենք չենք կարող վստահ լինել, որ դասախոսները այն գնահատականները կդնեն, որոնց մենք իրականում արժանի ենք»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ սա քաղաքացիական պայքար է և նշանակություն չունի դու երկրորդ կուրսի ուսանող ես, թե ատաջին, կամ ծնող ես, այսպես, թե այնպես դա բոլորին է վերաբերում:





